Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, ԵՄ Թվինինգ  ծրագրի հետ համատեղ, նոյեմբերի 26-ին, Աղվերանում կազմակերպում է կլոր սեղանի ձեւաչափով  քննարկում լրագրողների մասնակցությամբ:

Քննարկման  ընթացքում միջազգային փորձագետները  կներկայացնեն սպառողների շահերի պաշտպանությունն ու  մրցակցության կանոնները ԵՄ անդամ երկրներում:                       

Լիտվայից եւ Գերմանիայից ժամանած փորձագետներ պրն Շարունաս Կեզերաուսկասը եւ տկն. Սաբինե Զիգելսկին  կներկայացնեն ԵՄ օրենսդրությունն ու լավագույն փորձը գերիշխող դիրքի չարաշահման,  միաձուլումների վերահսկման, «ազատ մրցակցության» եւ սպառողների կրած վնասների փոխհատուցման ոլորտներում:

Կլոր սեղանի ձեւաչափով կազմակերպվող միջոցառման ընթացքում փորձագետները լրագրողների հետ միասին կքննարկեն ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրված երկու գործեր: Բացի այդ տեղի կունենա նաեւ քննարկում` Մրցակցային մշակույթը Հայաստանում թեմայով,  որի ընթացքում կդիտարկվեն նաեւ լրագրողների մի քանի հրապարակումներ` ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ: 

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ պրն Ա. Շաբոյանը եւ Հայաստանում ԵՄ Պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար պրն Ժան Քրիստոֆ Գերանդը:

Նշենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը կազմում է 1.1 միլիոն եվրո: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարությունը եւ Լիտվայի մրցակցության խորհուրդը համատեղ՝  2011-2013 թվականներին: