Իրանում լռության օր է՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Երկու թեկնածուներ՝ պահպանողական Սաիդ Ջալիլին եւ բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը, ավարտել են իրենց ընտրարշավը, քարոզչությունն արգելված է։

Հունիսի 28-ին իսլամական հանրապետությունում տեղի ունեցավ նախագահի ընտրությունների առաջին փուլը։ Մասնակցում էին չորս թեկնածուներ։ Նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չհավաքեց, ինչը կապահովեր հաղթանակն առաջին փուլում։ Երկրորդ փուլ, որը տեղի է ունենալու հուլիսի 5-ին, մեծ տարբերությամբ անցել եմ առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը (42,5 տոկոս) եւ Իրանի առաջնորդի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Ջալիլին (38,6 տոկոս)։ Մասնակցությունը կազմել է 40 տոկոս, ինչը, հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խոսքով, չի արդարացրել սպասումները։ Սա ամենացածր մասնակցությունն է նախագահի ընտրություններին իսլամական հանրապետության գոյության 45 տարիների ընթացքում։

Հարցման արդյունքներով, որն անցկացրել է Shenaakht իրանական վերլուծաբանական կենտրոնը երկրորդ փուլի նախօրեին, Փեզեշքիանին պատրաստ է ձայն տալ 52 տոկոսը, Ջալիլիին՝ 48 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցելու ցանկություն հայտնել է հարցվողների 42 տոկոսը։ Սպասվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 6-ին։

Հուլիսի 1-ին եւ 2-ին նախագահական ընտրությունների մասնակիցները հանդիպել են նախընտական բանավեճերում։ Դրանք նվիրված էին պետության զարգացման հարցերի մեծ շրջանակի, առաջին հերթին՝ տնտեսությանը եւ սոցիալական ոլորտին։ Արտաքին քաղաքական ռազմավարության գլխավոր հարցը, որը կանգնած է թեկնածուների առջեւ, արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների դեմ պայքարն է։

Հավակնորդները տարբեր կերպ են նայում երկրի զարգացման ուղիներին։ Փեզեշքիանը երկրի բացության կողմնակիցն է Արեւմուտքի հետ բանակցություններում, Ջալիլին ներքին ռեսուրսների վրա հենվելու կողմնակիցն է արտաքին ճնշման հաղթահարման հարցում։