ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը: Այս թեմայով, այսօր` նոյեմբերի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ բաժանվել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նոյեմբերի 25-ի` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ 16-օրյակի օրացույցը: Այն նախատեսում է տարատեսակ միջոցառումներ` այդ թվում կլոր-սեղան քննարկումներ պետական կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքների ներկայացում, «Տղամարդիկ ընդդեմ բռնության» թեմայով քարոզարշավ հոգեւորականների հետ համագործակցությամբ, սոցիալական տեսահոլովակների եւ ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ եւ սեմինարներ Երեւանում եւ մարզերում եւ այլն:

Այս տարվա քարոզարշավի կարգախոսն է՝ «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում»:

«Ամեն տարին իր հետ նորանոր փորձություններ է բերում, եւ «16-օրյակ» քարոզարշավը հիանալի հնարավորություն է աշխարհի ուշադրությունը բեւեռել կանանց նկատամբ բռնության գլոբալ հիմնախնդրին՝ հնարավորություն ապահովելով պայքարել հանուն կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության», - ասուլիսում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դամթյու Դեսալեյնեն:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ն ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին եւ տեւում է մինչեւ դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց եւս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:

ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ եւ երեխայի` առողջ կյանք վարելու եւ հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում եւ ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաեւ ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից եւ յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունքի: