Էստոնիայի կառավարությունը X ցանցի իր կայքում հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկել Mistral հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր։
«Մենք հաստատում ենք։ Էստոնիայի տրամադրած Mistral հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերն ու հրթիռներն արդեն հասել են Ուկրաինա»,- ասվում է հաղորդման մեջ։
Ինչպես նշում է Defense Blog-ը, Mistral համակարգը մշակվել է Ֆրանսիայում և նախատեսված է ուղղաթիռների և ինքնաթիռների ոչնչացման համար։ Նման հրթիռները կարող են արձակվել ինչպես առանձին զինվորականների կողմից, այնպես էլ տեղադրվել մեքենաների, նավերի կամ ուղղաթիռների վրա:
Mistral-ի հեռահարությունը մինչև վեց կիլոմետր է, այս համակարգը կարող է օգտագործվել ցածր թռչող ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ:
Baltic Times պարբերականի հաղորդմամբ, Էստոնիան, իր պաշարները համալրելու համար, հունիսին պայմանագիր է ստորագրել նոր Mistral համակարգեր գնելու համար: Տալլինն այս համաձայնագիրը ստորագրել է Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի և Հունգարիայի հետ համատեղ։
Էստոնիան մնում է Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը ռուսական ներխուժման դեմ պայքարում։ Այս երկիրն իր ՀՆԱ-ի ավելի քան 1%-ը հատկացնում է Կիևին օգնելու համար։





























