Այսօր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն է։
Ընտրատեղամասերի մեծ մասը կբացվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին և կփակվի 18:00-ին:
Որոշ քաղաքներում և դեպարտամենտներում ընտրատեղամասերի աշխատանքի ժամանակացույցը կարող է տարբերվել: Մասնավորապես, խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ֆրանսիացիները կկարողանան քվեարկել մինչև ժամը 20:00-ն։
Նշվում է, որ ընտրությունների առաջին արդյունքները սպասվում են տեղական ժամանակով ժամը 20:00-ից հետո։
Հունիսի 30-ին կայացած առաջին փուլում ֆրանսիացիներն ընտրել են 577 խորհրդարանականներից 76-ին, որոնցից 37-ը «Ազգային միավորում» կուսակցության կամ նրա դաշնակիցների անդամներ են։
Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։ Հիմնական պայքարն ընթանում է Ժորդան Բարդելի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության, «Նոր ժողովրդական ճակատ» կոչվող ձախակողմյան կուսակցությունների դաշինքի և «Միասին» նախագահամետ կոալիցիայի միջև:





























