Հայաստանում ընդհանուր մահացության կառուցվածքում 50 տոկոսը կազմում են սիրտ-անոթային հիվանդությունները, 20 տոկոսը` քաղցկեղները, 5 տոկոսը` շաքարային դիաբետը: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը`Հայկական Բժշկական ասոցիացիայի նախագահ, Երեւան քաղաքի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն Պարունակ Զելվեյանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացման միտում կա` առանձնացնելով նաեւ դիմելիության բարձրացումը, ախտորոշիչ մեթոդների կիրառելիությունը: Սրտաբանի խոսքով` սիրտ-անոթային հիվանդությունների պատճառներից են ծխախոտի օգտագործումը, զարկերակային ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, ավելցուկային քաշը, դեպրեսիաները, ինչպես նաեւ այն, որ կանխարգելիք աշխատանքները բավական ծավալով չեն իրականացնում:
Ընդ որում` չափահաս բնակչության 30 տոկոսը խնդիր ունի զարկերակային ճնշման հետ, այսինքն` ամեն երրորդը այս կամ այն կերպ խնդիր ունի դրա հետ:
«Ցանկացած ախտաբանական վիճակ բնությունից հեռանալու արդյունք է: Այսօր մենք ահռելի քանակությամբ էներգիա ենք ստանում, սակայն քիչ ենք ծախսում: Չծախսված էներգիան կուտակվում է ճարպի տեսքով, ֆիզիական ակտիվությունը գործնականում վերացել է մեր կենսակերպից, խաղերը դարձել են համակարգչային, նստակյաց, չնայած մեր սննդի ռիթմը չի փոխվել»,- նշեց նա:




























