Այսօր առավոտից ՀՀ Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները: Այս մասին նշվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, որն այսօր, Երեւանում իր հերթական հանրահավաքն է կազմակերպում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մասնավորապես Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սեւան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով ոստիկանները արգելում են միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաեւ տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք: Արձանագրվել են անհատ տաքսիների համարանիշների, վարորդական վկայականների առգրավման, միկրոավտոբուսի վարորդների նկատմամբ հարկադրանքի կիրառման դեպքեր: Զուգահեռաբար, Երեւան մտնող ճանապարհների ոստիկանական պահակակետերում ոստիկանական ուժերը կանգնեցնում եւ հետ են ուղարկում  միկրոավտոբուսները: Այս տվյալները ճշգրտված եւ հաստատված են ինչպես Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից կատարված դիտարկումների, լրագրողների ու խոչընդոտների հանդիպած անհատ քաղաքացիների հաղորդած տեղեկությունների արդյունքում:

Այս ակնհայտ վախը, որ դրսեւորվում է վարչախմբի կողմից պայմանավորված է նրանով, որ այսօրվա հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավա-քաղաքական հիմքերի վերաբերյալ Հռչակագիր, եւ ռեժիմը մեծ ջանքեր է թափում, որ այն տեղի չունենա Ազատության հրապարակում հավաքված հոծ բազմության առջեւ: Ականառու է նաեւ բարեփոխումների մասին ճոռոմ հայտարարություններ անող նոր ոստիկանապետի ներդրումն այս ապօրինությունների մեջ:

Այս ամենը ցույց է տալիս, որ ռեժիմը իշխանությունը պահում եւ հասարակական ըմբոստությունը փորձում է զսպել միայն ուժային կառույցների ճնշումների միջոցով: Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում չընկրկել ապօրինությունների առջեւ, այսօրինակ տեղեկությունները շարունակել հաղորդել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, իսկ Երեւանի բնակիչներին`ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»: