Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե ՀԱԿ-ի ոչ մի կանխատեսում չի իրականանում. ցավոք իրականանում են, որի ապացույցը 2012-ի բյուջեն է, որ ապացուցում է, թե Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահաքում հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Տիգրան Սարգսյանը հայտարարում է, 2012-ի բյուջեն կայունությունից անցում է զարգացման, այնինչ այդ բյուջեն բարեկեցություն չի բերելու, աճ չի ապահովելու: Նրանք երկիրը կանխամտածված տանում են կործանման: Հայաստանն ի վիճակի չէ պարտք վերցնելու: Հայաստանին պարտք չեն տա, «Մուդիսի» հայտարարությունից հետո ոչ ոք պարտք չի տա, թեեւ նախատեսել են եւս 300 մլն դոլար գնալ եւ ուզել»,-հայտարարեց Վ. Խաչատրյանն ու շարունակեց. «Ադրբեջանի 2012-ի բյուջեն` 22 միլիարդ դոլար է, Հայաստանինը` 2 միլիարդից մի փոքր ավելի: Ու այսպես ուզում են առաջատար երկի՞ր լինել տարածաշրջանում»:

Իր ելույթում հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը զուգահեռ տարավ Հայաստանի ու Վրաստանի միջեւ նշելով, որ Վրաստանում էլ, նախքան վարդերի հեղափոխությունը, տրամադրությունները չէին տարբերվում Հայաստանից:

«Այժմ տեսնելով այդ երկրի ժողովրդավարական բարեփոխումները, ուժայինների կարգուկանոնը, հասկանում ես, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում:

Վրաստանի պաշտոնյաների հետ զրույցներում փորձում էի հասկանալ, թե ինչ գաղտնիք ունեին, ոչ մի գաղտնիք չկար, պարզապես բոլորը նույն բանն էին ասում. «Ուզում էինք, որ մեր երեխաներն ապրեն նորմալ երկրում»,- նշեց հրապարակախոսը:

«Մենք ինքներս պետք է կամք ունենանք: Ոչ մի հեղափոխականի առջեւ գորգ չեն փռել, մենք պիտի հասնենք դրան, որ հետո չնեղանանք, թե ինչու չստացվեց»,- ամփոփեց նա: