Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհները նախագծվել եւ կառուցվել են 40-50 տարի առաջ եւ այլեւս չեն բավարարում ժամանակակից պահանջներին:

Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրամադրած տեղեկատվության` միջպետական ճանապարհները հաշվարկվել են ավտոմեքենաների մեկ առանցքի վրա 6-8 տոննա բեռնվածության համար, սակայն ներկայում փաստացի բեռնվածությունը կազմում է 11-13 տոննա: Ավելացել է նաեւ ավտոմոբիլների միջին արագությունը:

Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում գոյություն ունեցող 1686,5 կմ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներից  վերանորոգվել է ընդամենը 205 կմ: Սակայն հարկ է նշել, որ ավտոմոբիլային տրանսպորտը էական նշանակություն ունի ինչպես արտահանումների, այնպես էլ ներմուծումների ժամանակ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մշակել է հիմնական մայրուղիների վերականգնման եւ վերակառուցման հայեցակարգ:

Դրանում ընդգրկված են հիմնականում այն ճանապարհները, որոնք հանրապետության կենտրոնը կապում են Վրաստանի սահմանի հետ (ընդամենը` 440 կմ), քանի որ այդ ուղղությամբ է տեղի ունենում արտահանումների ու ներկրումների հիմնական շարժը: 

Հայեցակարգով նախատեսվում է 4-5 տարում 80-100 մլրդ դրամ (210-260 մլն դոլար) ծախսել: Հաշվարկների հիմքում ընկած է հետեւյալ ցուցանիշը` 1 կմ ճանապարհի վերանորոգման կամ վերականգնման համար անհրաժեշտ է 150 մլն դրամ` առանց հարդարանքի եւ ինժեներական կառույցների (թունելներ, կամուրջներ, հենապատեր: