Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանել թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանի կողմից իր հասցեին հնչող մեղադրանքները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հիմարություններով զբաղվելու ժամանակ չունի. «Զբաղվեք այն գործերով, որ անհրաժեշտ են հասարակությանը: վաղը կգաք պատասխանները կստանաք»,- ասաց մարքսիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին հրավիրած ասուլիսին Դավիթ Հակոբյանը պատմել է, որ Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի ուսուցչուհիներից մեկը (չէր ցանկացել նշել անունը) լացակումած ու ստորացված իրեն ասել է, որ տնօրենն արդեն 3 ամիս է, ինչ իր աշխատավարձի 30 տոկոսը պահում է: Նրա խոսքով` տնօրենի հրահանգով, 11-րդ դասարանի երեք աշակերտ բռնություն են կիրառել ուսուցչուհու նկատմամբ եւ քացով հարվածել են նրա որովայնին: Մարքսիստի հավաստմամբ` ինքն այս դեպքի առթիվ դիմել է Գլխավոր դատախազություն եւ Կրթության եւ գիտության նախարարին, բայց ստացել է «ни ответа, ни привета»:
Այս առնչությամբ, թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Պապյանն այդ դպրոցում աշխատանքի է անցել 2010թ. Դավիթ Հակոբյանի եւ իր ընկերոջ խնդրանքով: «Ուսուցչուհին սկզբում ներկայացել է որպես Դավիթ Հակոբյանի մորաքրոջ աղջիկ, բայց հետո պարզվեց, որ Լարիսա Գուրգենովնան Դավիթ Հակոբյանի մորաքրոջ աղջիկը չէ, եւ ընդհանրապես բարեկամ չէ, այլ` ասում են, որ սիրուհին է: Դրա համար էլ այդպես ոգեւորված, բուռն մղումով պաշտպանում է իր...»,-ասաց Էլոյանը: «Պապյանը դասից դուրս էր հանել երկու աշակերտի, աշխորհրդի նախագահն էլ Պապյանից խնդրել էր, որ դրսում գտնվող երկու տղաները դասի նստեն, քանի որ նկարահանում պետք է լիներ դպրոցում, իսկ նա ասել էլ «пошел вон»: Տղան էլ ասում է` ինչու եք վիրավորում, իսկ Պապյանը փողոցային լեզվով տղային ասում է «անբարոյականի տղա»: Տղան վրա է գալիս, ընկերները թեւերից քաշում են, դե, ուսերից քաշելուց` տղայի ոտքը վերեւ է բարձրանում եւ կպնում ուսուցչի ոտքին, բայց ոչ որովայնին, ինչպես ներկայացրել է Դավիթ Հակոբյանը: Իսկ Պապյանն այդ դեպքի մասին ասաց, որ տղան ինձ խփեց, ես նրան հայհոյեցի»,-ասաց Էլոյանը: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձի պահումներին, ապա տնօրենը տեղեկացրեց, որ ավագ դպրոցներին հատկացված գումարի չափը չի բավարարում, որպեսզի իրենք կարողանան լիարժեք վարձատրել ուսուցիչներին.«Պահումներ արվում են բոլոր դպրոցներում: Մեկ աշակերտի հասնող ֆինանսավորման թիվը չի բավարարում դպրոցներին, եւ այդ պահումների հիմնավորումը կա ըստ օրենքի եւ նախարարի հրամանի»:
Այս դեպքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կրթության եւ գիտության նախարարությունից: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչոթյան պետ Արթուր Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Դավիթ Հակոբյանի` Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի վերաբերյալ տարածած տեղեկությունները պարունակող հրապարկումները ներկայացրել են նախարարին: Նա կուսումնասիրի, համապատասխան հանձնարարական կտա եւ քայլեր կձեռնարկվեն: Իսկ թե ինչպես եւ որ օրենքով է կարգավորվում ուսուցիչների աշխատավարձից պահումներ կատարելը, նախարարության ֆինանսական վարչությունից հայտնեցին, որ համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպության մասին» օրենքի` տնօրենն ինքնուրույն տնօրինում է գույքը եւ ֆինանսական միջոցները:
«Իսկ ֆինանսական միջոցների մեջ մտնում է աշխատավարձ, հավելավճար: Տնօրենը ինքնուրույն որոշում է, ներկայացնում է դպրոցի կառավարման խորհրդի հավանությանը, խորհուրդը հավանություն է տալիս, դա իրենց ներքին խնդիրն է»,- նշեց այդ վարչության մասնագետ Նադյա Պետրոսյանը` հավելելով, որ տնօրենը իրավասու է պահումներ կատարել աշխատավարձից:
Նման դրույթը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ, Ի՞նչ նշանակում` տնօրենը կարող է աշխատողին ընդունել աշխատանքի` նշելով աշխատավարձի մեկ չափ, սակայն հետո չվճարել այդքան:
Այս խնդրով դիմեցինք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գործատուի եւ աշխատողի հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային պայմանագրով: «Աշխատավարձը հանդիսանում է աշխատողի եւգործատուի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի էական պայման եւ աշխատանքային օրենսդրության կանոններին համաձայն` աշխատավարձի չափը եւ աշխատավարձի պայմանները կարող են փոփոխվել միայն օրենքով կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի փոփոխության դեպքում»,- նշեց իրավաբանը` վկայակոչելով աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածը: Նրա խոսքով` միակողմանի փոփոխություն չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունեցել աշխատանքի ծավալի փոփոխություն, որի դեպքում անգամ գործատուն պարտավոր է աշխատողին ծանուցել երկու ամիս առաջ:




























