Հայաստանում իրացվող տեղական եւ սառեցված մսերի միջեւ, թեեւ 700-1000 դրամի գնային տարբերություն կա, սակայն սպառողները հնարավորություն դեպքում նախընտրությունը տալիս են տեղականին, քանի որ սառեցված միսը մինչեւ Հայաստան հասնելը երկար ճանապարհ է անցնում, բացի այդ անհայտ է, թե քանի տարվա հնեցում ունի, եւ ինչ է ներարկվում մսի մեջ, որ արտաքին տեսքը չայլանդակվի:
Սպառողներից շատերը նույնիսկ ասում են, թե արտասահմանում շներին են այդ մսերով կերակրում: NEWS.am-ի թղթակցի դիտարկումները ՀՀ սուպերմարկետներում ցույց տվեցին, որ մի շարք սուպերմարկետներում նույնիսկ վաճառողները տեղյակ չէին, թե սառեցված միսը քանի ամսվա կամ քանի տարվա վաղեմություն ունի:
Օբյեկտիվ լինելու համար նկատենք նաեւ, որ մի շարք հայտնի սուպերմարկետներում արդեն սկսել են առանձին փաթեթավորել սառեցված միսը եւ պիտակի վրա մակնշել մսի արտադրման եւ պահպանման ժամկետները: Օրինակ «Երեւան Սիթի» սուպերմարկետում այդ մակնշումը բացակայում էր:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը NEWS.am-ին փոխանցեց, որ տարեկան կտրվածքով Հայաստան է ներկրվում 47 հազար 800 տոննա սառեցված միս, որի մեջ մտնում է, թե աղացածը, թե խաշի համար նախատեսված տոտերը: Իսկ ներկրումը կատարվում է` Բրազիլիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից Հնդկաստանից, Լեհաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հոլանդիայից, Բելառուսից եւ Չինաստանից:
Սպառողների մտահոգություններին ընթացք տալով NEWS.am-ի թղթակիցը զրուցեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանի հետ: Նա բացառեց անորակ սառեցված մսի ներկրումը Հայաստան, պատճառաբանելով, որ սառեցված միսը թույլ է տրվում երկիր ներկրել միայն անվտանգության ցուցանիշների հանդեպ ունեցած համապատասխան լաբարատոր եզրակացությունից հետո: Այնուհետեւ սահմանված չափանիշներին համապատասխանելուց հետո նոր սերտիֆիկացվում է:
«Հիմա ասեմ, թե ինչ է տեղի ունենում շուկայում: Ինչպես երշիկի արտադրությունը այնպես էլ մսամթերքը կամ ինքը փաթեթավորված է լինում իր հետ ունենալով մակնշման կարգ կամ այդ ամենը մակնշված է լինում արկղի վրա: Իսկ Հայաստան ներկրվում են միայն խորը սառեցում անցած մսերը, ինչը թույլ է տալիս այդ միսը 1 տարի պահել: Կան երկրներ, որոնք սրսկում են իրականացնում, բայց այդ միսը Հայաստան չի ներկրվում»: Ինչ վերաբերում է սպառողների այն մտահոգությանը, թե սառեցված մսերով արտասահմանում շներին են կերակրում Բաբկեն Պիպոյանը նշեց, որ արտասահմանում մարդիկ շներին հատուկ կերերով են կերակրում:
Այնինչ` «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բարձրաձայնեց, որ սառեցված մսի վերաբերյալ սպառողներից ահազանգ ստացել են: Նրա խոսքով, խնդիրն այստեղ կայանում է նրանում, թե որքանով է սառեցման տեխնոլոգիան պահպանված: Օրինակ, եթե սառեցվելուց հետ միսը հալվեց եւ նորից դրվեց սառեցման, ապա սպառողները վտանգի առաջ կարող են կանգնել:
«Հաճախ ստացել ենք ահազանգ, որ սառեցված միս եւ հավի միս ուտելուց հետո երեխան եւ ոչ միայն երեխան իրենց վատ են զգացել: Հետեւաբար` շատ կարեւոր է, որ սպառողները սառեցված միսը գնելուց առաջ սերտիֆիկացման թուղթ պահանջեն, տեղեկատվական թերթիկ, որտեղ պետք է գրված լինի, թե, երբ է սառեցվել , ինչ աստիճանի տակ եւ այլն եւ այլն: Իսկ դժգոհության դեպքերում ահազանգեն սննդի եւ որակի տեսչություն, որ նմուշ վերցնեն եւ լաբարատոր ստուգումից հետ համապատասխան ընթացք տան»,- խորհուրդ տվեց Արմեն Պետրոսյանը, ինչպես նաեւ խորհուրդներ տվեց, թե ինչպես սպառողները սառեցված անորակ միսը տարբերեն որակյալից: Օրինակ, սառեցված միսը եփելիս, եթե յուղի կաթիլներն առանձին-առանձին կանգնեցին ջրի երեսին, դա նշանակում է, որ հին է: Իսկ թարմի դեպքում մսի յուղը պետք է տարածվի ջրի երեսով: Ինչ վերաբերում է մինչեւ եփելը տարբերելուն, ապա միսը, որքան հին է, այնքան գույնը մուգ է լինում: Ավելին` թարմ միսը մատով սեղմելիս պետք է փոս չառաջանա:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























