ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը բռնության, դեմոկրատիային մարտահրավեր նետելու անթույլատրելի օրինակ է, որին պետք է վճռական հակահարված տրվի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
«Այդ մարտահրավերին պետք է վճռական հակահարված տալ»,- նշել է նա՝ մեկնաբանելով Թրամփի դեմ կատարված մահափորձը։ Հայասին նաեւ ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանությունները կշարունակեն հետեւել ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի զարգացմանը։
Գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ ճապոնական կողմը տեղյակ է, որ Հանրապետական կուսակցությունը Միլուոկիի ազգային համագումարում հաստատել է Դոնալդ Թրամփի եւ Ջեյմս Դեւիդ Վենսի թեկնածությունները որպես նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ գալիք ընտրություններում։ «Ճապոնա-ամերիկյան դաշինքը մեր արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչն է, ուստի մենք հետեւում ենք ԱՄՆ ներքին քաղաքականությանը»,- ընդգծել է Հայասին։
Նա նաեւ նշել է, որ Թրամփի դեմ մահափորձի համատեքստում Ճապոնիայի ոստիկանությանն ամբողջ երկրում նորից ցուցում է տրվել հետեւել քաղաքական գործիչների եւ բարձրաստիճան անձանց անվտանգության ապահովման թարմացված եւ խստացված ընթացակարգերին, որոնք մտցվել էին 2022թ. նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո։





























