ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության ղեկավարի բարձրագույն պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո նորից հայտնել է երկրում հրազենի շրջանառության վերահսկման խստացման անհրաժեշտության մասին։

«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ժամանակ օգտագործվել է AR-15 [հրացան]»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «գրոհային զենքն օգտագործվել է բազմաթիվ այլ մարդկանց սպանելու համար, այդ թվում երեխաների»։ «Ժամանակն է արգելել այն»,- ընդգծել է նախագահը՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) Սեւամորթ բնակչության առաջընթացի աջակցության ազգային ասոցիացիայի (NAACP) համագումարում։ Ավելի վաղ նա քանիցս կոչ էր արել Կոնգրեսին իրականացնել հրազենի շրջանառության վերահսկումը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունները։

ԱՄՆ նախագահն իր ելույթում գոհունակություն է հայտնել, որ հանրապետականը «լրջորեն չի վիրավորվել» մահափորձի հետեւանքով։ «Մենք շարունակում ենք աղոթել նրա ու նրա ընտանիքի համար»,- նշել է Բայդենը՝ կրկնելով ամերիկյան քաղաքականության «ջերմաստիճանն» իջեցնելու անհրաժեշտության թեզը։ Նա, սակայն, քանիցս քննադատել է ինչպես Թրամփին, այնպես էլ այն քաղաքականությունը, որը վարում էր ԱՄՆ-ը պետության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելու ժամանակ (2017-2021)։