Վատիկանի՝ 2025 թվականի հոբելյանի տոնակատարություններին նախապատրաստվելը վերածվել է ժամանակի մեջ երկարատև ճանապարհորդության, երբ նկարահանող խումբը հենց Տիբեր գետի ափին հայտնաբերել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի այգու մնացորդները:
Իտալիայի մշակույթի նախարարությունը գտածոն «ուշագրավ այգեգործական շինվածք» է անվանել, գրում է Wanted in Rome կայքը:
Այգին բաղկացած է եղել տրավերտինե պատնեշից, որը սանդղավանդով հասնում էր Տիբեր գետը, սյունազարդ սյունասրահի հիմքից և մեծ բաց հարթակից, որը մասնագետները որպես այգի են որակել: Հնագետներն այս հայտնագործությունն արել են հոբելյանական միջոցառումներին նախապատրաստվելիս գլխավոր հետիոտնային փողոցի՝ Պյացա Պիայի (նախկինում՝ Պյացա Լուիջի Սաբատինին, Հռոմի նահանգի Ալբանո Լացիալե քաղաքի պատմական գլխավոր հրապարակի) բարեկարգման ծրագրի շրջանակում:
Ըստ այգիների բարեկարգման վերաբերյալ նախարարության հրապարակված տվյալների՝ ավերակների մեջ հնագետների հայտնաբերած ջրի կապարե խողովակին նշված է այգու սեփականատիրոջ անունը։
Դատելով մակագրությունից, որը գրված է «C(ai) Caesaris Aug (usti) Germanici», փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այս վայրն առնչվում է հռոմեական զորավար Գերմանիկոսի և Ագրիպինա ավագի որդուն՝ մ.թ. 37-41 թվականներին գահակալած հռոմեական կայսր, Սենատի պրինցեպս, Մեծ պոնտիֆեքս, տրիբուն Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսին, որն առավել հայտնի է իր Կալիգուլա մականունով։
Հնագույն գրական փաստաթղթերը կարծես թե հաստատում են, որ Կալիգուլան գետի մոտ այգի ուներ։ Հրեա պատմաբան և փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացու «Դեսպանությունը Գայոսի մոտ» գրքում ասվում է, որ Կալիգուլան ընդունել է Ալեքսանդրիայի մի խումբ հրեաների Ագրիպինայի այգում։ Այն նկարագրվում է Տիբեր գետի ափին բացվող հսկայական այգի, որը բաժանում է գետը փառահեղ սյունասրահից: Այգին, ըստ ամենայնի, Գերմանիկոսի շքեղ նստավայրի մի մասն էր, որը նրանից ժառանգել էր Ագրիպինա ավագը։ Բնականաբար, վերջինիս մահից հետո սեփականությունն անցել է Կալիգուլային։ Փորձագետները պարզել են, որ Կալիգուլայի օրոք մի բազմիցս վերանորոգման աշխատանքներ են կատարվել, ինչի մասին կարելի է եզրակացնել ճարտարապետության աննշան փոփոխությունները տեսնելիս։
Ամենայն հավանականությամբ, Ագրիպինայի այգին Պյացա Պիայի միակ նոր հայտնագործությունը չէ։
Նկարահանող խումբը հայտնաբերել է նաև դիցաբանական տեսարաններով զարդարված հախճապակյա մասունքներ, որոնք ի սկզբանե օգտագործվել են պարտեզի կառույցները զարդարելու նպատակով, այնուհետև նորից օգտագործվել լվացքատան կոյուղագծերի երեսպատման համար:





























