Ադրբեջանում հասել են այնտեղ, որ Փարիզին մեղադրել են գաղութներում «ազատագրական պայքարի մասնակիցների առեւանգման եւ կտտանքների մեջ»։ Այս անհեթեթ պնդումը Ադրբեջանի կողմից հնչել է ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների եւ հանուն Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան եւ Անտիլյան կղզիների ազատագրության շարժումների «համագումարում»։ Միջոցառումը կազմակերպել է Գվադելուպայի Ազատագրման ժողովրդական միությունը Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Բաքվի նախաձեռնող խմբի ղեկավար Աբաս Աբասովը խոստացել է թոշակներ այն երկրների երիտասարդներին, որոնք «պայքարում են գաղութատիրության դեմ»։
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի COP29 շրջանակում տեղի կունենա ցուցահանդես գաղութատիրության պատմության մասին։ «Բաքվի նախաձեռնող խումբը նաեւ հայտարարում է, որ ֆրանսիական ոստիկանությունը, ձերբակալելով գաղութատիրության դեմ պայքարի շարժման անդամներին, նրանց հետ վարվել է որպես ահաբեկիչների եւ գաղտնի նրանց տեղափոխել է Փարիզ։ Այստեղ նրանք ենթարկվել են տարբեր կտտանքների։ Այդ մարդկանց մեջ կան նաեւ կանայք։ Բաքվի նախաձեռնող խումբը հայտարարում է, որ օգնություն կցուցաբերի բանտարկյալների ընտանիքներին եւ այն անձանց, որոնք նրանց պաշտպանում են»,- ասել է Աբաս Աբասովը։
Աբասովի հայտարարությունների հրեշավոր կեղծավորությունն այն է, որ հենց այս պահին տասնյակ հայ գերիներ գտնվում են ադրբեջանական բանտերում։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները, որոնք պատանդ են վերցվել Լեռնային Ղարաբաղի օկուպացման ժամանակ 2023թ. սեպտեմբերին։ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են շուտով սկսել քաղբանտարկյալների «դատավարությունները»։





























