ԱՄՆ նախագահի վարչակազմը դիտարկում է ավելի կոշտ առեւտրային սահմանափակումներ մտցնելու հնարավորությունն օտարերկրյա այն ընկերությունների դեմ, որոնք շարունակում են Չինաստանին առաջավոր կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի եւ սարքավորումների հասանելիություն տրամադրել։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Նշվել է, որ ԱՄՆ-ը դաշնակից երկրների հետ քննարկում է  այսպես կոչված «ուղիղ օտարերկրյա արտադրանքի կանոնը»։ Այն Վաշինգտոնին թույլ է տալիս վերահսկել օտարերկրյա արտադրանքի արտահանումը, որի պատրաստման համար օգտագործվում են ամերիկյան տեխնոլոգիաներ կամ ցանկացած աստիճանի ծրագրային ապահովում։ Գործակալության անանուն աղբյուրների տեղեկացմամբ՝ այս միջոցը կարող է կիրառվել Tokyo Electron ճապոնական ընկերության եւ նիդեռլանդական ASML-ի նկատմամբ, որոնք արտադրում են սարքավորումներ Չինաստանում չիպերի արտադրման համար։

ԱՄՆ նպատակը Նիդեռլանդներին եւ Ճապոնիային սահմանափակումներ մտցնել տալն է այն ընկերությունների համար, որոնք արդեն գտնվում են Չինաստանում։ Վաշինգտոնը նաեւ մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել առանձին չինական ընկերությունների դեմ, որոնք միկրոսխեմաներ են արտադրում։

2022թ. հոկտեմբերին ԱՄՆ-ը միջոցների համալիր է ձեռնարկել՝ ուղղված Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի զսպմանը երկիր ժամանակակից չիպերի մատակարարումները սահմանափակելու միջոցով։ Bloomberg-ը, հղում կատարելով Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկին, նշում է, որ Վաշինգտոնի խստացված պատժամիջոցները արտահանման ոլորտում հանգեցրել են ամերիկյան ընկերությունների շուկայական արժեքի 130 մլրդ դոլարով իջեցման։ Փաստաթղթում ասվում է, որ ավելի կոշտ առեւտրային պատնեշներ մտցնելը վկայում է  ԱՄՆ փորձերի ձախողման մասին կիսահաղորդիչների ոլորտում Չինաստանի զարգացմանը դիմակայելու հարցում։ Չիպերի համար սարքավորումներ արտադրող ամերիկյան խոշոր ընկերությունները (Applied Materials, Lam Research, KLA) կարծում են, որ Վաշինգտոնի ընթացիկ քաղաքականությունը վնասում է ամերիկյան ընկերություններին, բայց չի դանդաղեցնում չինական տեխնոլոգիաների զարգացումը։