Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որոշումը՝ առաջադրել որպես փոխնախագահ Օհայոյի նահանգից սենատոր Ջեյմս Դեւիդ Վենսի թեկնածությունը, որը հայտնի է Կիեւին աջակցության քննադատությամբ, մտահոգում է եվրոպական մայրաքաղաքներին։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Թրամփի հաղթանակի եւ սպառազինությունների նոր փաթեթների եւ ֆինանսական օգնության մերժման դեպքում «Ուկրաինան ազդեցության ավելի քիչ լծակներ կունենա Մոսկվայի հետ ցանկացած բանակցություններում կամ կարող է տանուլ տալ պատերազմը»։ «Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան պարբերականին ասել է, որ «Ուկրաինան փորձանքի մեջ է»։

 Թերթը նշել է, որ Վենսը «ուլտրապահպանողական հանրապետականներից» է, որոնք դեմ են Կիեւին միջոցներ տրաամդրելուն։ Նրա դիրքորոշումը տարբերվում է շատ հանրապետականներից, որոնք կարծում են, որ օգնությունն Ուկրաինայի ԶՈւ-ին իբր նպաստում է ԱՄՆ ազգային անվտանգության ամրապնդմանը, գրել է WSJ-ն։

Վենսը հետեւողականորեն աջակցում է Վաշինգտոնի կողմից սպառազինությունների մատակարարման դադարեցմանը Կիեւ եւ հակամարտության շտապ կարգավորմանն Ուկրաինայում։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է վերակողմնորոշվի դեպի Արեւելյան Ասիա, քանի որ «դա է ամերիկյան արտաքին քաղաքականության ապագան առաջիկա 40 տարիներին, եւ Եվրոպան պետք է գիտակցի այդ փաստը»։ The New York Times թերթի հարցազրույցում Վենսը նշել է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք կարգավիճակ, իսկ նրա սահմանները պետք է վերանայվեն։