ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել Ջո Բայդենին օգոստոսի սկզբին, մինչեւ Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) կայանալիք համագումարը։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաալիքը։

Ավելի վաղ սպասվում էր, որ ամերիկյան նահանգների եւ անդրծովյան տարածքների պատվիրակությունների ներկայացուցիչները Բայդենին ԱՄՆ նախագահի թեկնածու կանվանեն Չիկագոյում օգոստոսի 19-22-ին կայանալիք դեմոկրատների համազգային համագումարում։ Սակայն, ինչպես նշել է հեռուստաալիքը, կուսակցության Ազգային կոմիտեի ղեկավարությունը չորեքշաբթի նրա անդամների շրջանում տարածել է նամակ, որում ասվում է, որ Բայդենի թեկնածության քվեարկությունը կանցկացվի ոչ թե համագումարում, այլ վիրտուալ ձեւաչափով։ Դա տեղի կունենա օգոստոսի 1-7-ին։

Շատ դեմոկրատ օրենսդիրներ դեմ են Բայդենի ժամանակից շուտ հաստատմանը որպես կուսակցությունից նախագահի թեկնածու։ Նրանք առաջարկում են դիտարկել հնարավոր այլ հավակնորդների, քանի որ ԱՄՆ գործող նախագահը չափազանց թույլ է հանդես եկել հեռուստաբանավեճերում իր հիմնական քաղաքական ընդդիմախոսի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ։