Նոթինգհեմ Թրենտ համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ կապիկների ավելի արտահայտիչ դիմախաղը օգնում է նրանց  լավագույն  դիրք զբաղեցնել հասարակության մեջ և առաջնորդներ դառնալ: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B: Biological Sciences (RSPB) գիտական ​​ամսագրում: Թիմն ուսումնասիրել է ռեզուս մակակների ինը խմբի, որոնցում ընդգրկված են եղել չափահաս արու, մի քանի էգ և ձագեր:

Որպես սոցիալական կենդանիներ, պրիմատներն օգտագործում են իրենց դեմքը նույնականության, ընտանեկան հարաբերությունների, գերակայության, բարի մտադրությունների, պատկանելիության և խաղալու մոտիվացիայի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար:

Հետազոտողները վերլուծել են յուրաքանչյուր խմբում գերիշխող արուի դեմքի արտահայտությունները՝ օգտագործելով մակակների ուսումնասիրման համար հատուկ մշակված կոդավորման համակարգ, որպեսզի  հետևեն դեմքի մկանների 17 տարբեր շարժումների:

Բացի այդ, գիտնականները քանակական գնահատական են տվել խմբերում բոլոր 66 կապիկների սոցիալական կյանքին՝ գրանցելով, թե որքան հաճախ է յուրաքանչյուր զույգ ժամանակ անցկացնում միասին և որքան հաճախ են նրանք իրենց խնամքի համար դիմում ընկերական փոխհարաբերությունների:

Գիտնականները պարզել են, որ արուները, որոնք  դեմքի ավելի բազմազան արտահայտություններ են դրսևորում, հավանաբար իրենց մտադրությունները պարզաբանելու և անորոշությունը նվազեցնելու համար, ավելի սերտ սոցիալական կապեր ունեն իրենց խմբերում, օժտված են ավելի ամուր սոցիալական կապերով  և ավելի հաճախ են կենտրոնական դիրքեր զբաղեցնում իրենց համայնքներում:

Միաժամանակ սոցիալական կապերը ավելի հավասարաչափ էին բաշխված խմբի անդամների միջև, երբ գերիշխող արուն ավելի արտահայտիչ էր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առավել արտահայտիչ դիմաշարժումները կապված էին ավելի հանդուրժող առաջնորդության հետ:

Ուսումնասիրությունը նշանակալի է  մարդու սոցիալական վարքագիծը հասկանալու համար՝ ենթադրելով, որ դեմքի արտահայտչականությունը զարգացել է, որպեսզի օգնի մեզ սոցիալական հարաբերություններ կառուցելու և պահպանելու հարցում:

«Արտահայտիչ դիմախաղով մարդիկ կարող են ավելի լավ պատրաստված լինել ամուր սոցիալական կապեր ստեղծելու և պահպանելու համար, ինչը կարող է հանգեցնել մի շարք առավելությունների, որոնք կապված են խմբային համախմբվածության հետ, ինչպիսիք են ռեսուրսների հասանելիության ընդլայնումը, զուգավորման հնարավորությունները և սպառնալիքներից պաշտպանությունը»,- նշել է ծրագրի ղեկավար, էվոլյուցիայի և սոցիալական վարքագծի պրոֆեսոր Բրիջիթ Ուոլերը։