Այս տարվա սկզբին Բրազիլիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած էրոզիայի շնորհիվ հայտնաբերվել է դինոզավրի «գրեթե ամբողջական» կմախք, որն ապրել է մոտ 233 միլիոն տարի առաջ Տրիասի ժամանակաշրջանում, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Սանտա Մարիայի դաշնային համալսարանին (Universidade Federal de Santa Maria):

Ըստ հնէաբան Ռոդրիգո Տեմպա Մյուլերի, որը ղեկավարել է բրածոն հայտնաբերած թիմը, ենթադրվում է, որ դինոզավրը մոտ 2,5 մետր հասակով գիշատիչ է եղել: Մյուլլերը նշել է, որ այս տեսակը, ամենայն հավանականությամբ, եղել է երկոտանի։

Մյուլլերը հավելել է, որ դինոզավրը պատկանում է Herrerasauridae անունով հայտնի խմբին, որում ընդգրկված են առաջին գիշատիչ դինոզավրերը։ Համալսարանի տվյալներով, բրածոն երբևէ հայտնաբերված Herrerasauridae-ի երկրորդ ամենաամբողջական նմուշն է: