«Եթե նախկինում ձմռանը մեր բնակարանում ընդամենը 15-16 աստիճան էր, ապա շենքի ջերմամեկուսացման աշխատանքներից հետո նույնքան ջեռուցելու դեպքում բնակարանն սկսեց տաքանալ մինչև 19-20 աստիճան»,- ասում է Ստեփանավանի Ռումինական փողոցի բնակիչ Վարդան Մկրտչյանը։ Շենքը, որում նա ապրում է, արդիականացվել է մեկ տարի առաջ Հայաստանում ՄԱԶԾ-ի «Շենքերի էնեգաարդյունավետ արդիականացման ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում։
Վարդան Մկրտչյանի խոսքով՝ այս փողոցը կառուցել են ռումինացիները 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո։ Դրանք պատրաստված են բետոնե բարակ պանելներից, և պատերը խոնավանում էին, խոնավություն էր հավաքվում կահույքի և պատերի միջև: Իսկ հիմա պատերը հաստացնելուց ու մեկուսացնելուց հետո քամին այլևս չի ներթափանցում տներ։
Դիլիջանում՝ Թախտա թաղամասում, բնակիչները ևս պատմում են, որ նախկինում իրենց բնակարաններում քամի էր փչում։ Բաբկեն Հակոբյանն ասում է. «Սա պանելային շենք է եղել, պանելների արանքը փակած չի եղել, քամին մտնում էր տուն, լուցկի վառել չէր լինում»: Նա ցույց է տալիս հոսանքի վարդակը, որի եզրերին կպչուն ժապավեն է փակցված: Իսկ այդպես են արել, քանի որ այնտեղից միշտ փչում էր։
Արդիականացման աշխատանքներից հետո, ասում է Բաբկեն Հակոբյանը, ջեռուցման ծախսերը կրճատվել են մինչև 50%-ով, իսկ շենքի արտաքին տեսքն ավելի է գեղեցկացել՝ այն ներկել են տարբեր գույներով։ Թաղամասի մեկ այլ բնակիչ՝ Գևորգ Ամիրխանյանն ասում է, որ նախկինում մուտքի պատերը բորբոսով էին պատված։
Այս տարի ծրագրում ընդգրկված հարևան շենքերի բնակիչներն անհամբեր սպասում են իրենց հերթին։
Ստեփանավանի Ռումինական փողոցից Նազիկ Հովհաննիսյանն ասում է՝ իրենց շենքում շատ ցուրտ է, երկու սենյականոց բնակարանի ջեռուցման համար ամսական 70,000 դրամ է վճարում։ Տանիքը կաթում է, իսկ շենքի նկուղ երբեք չի համարձակվել իջնել։ Նա ակնկալում է, որ կոմունալ վճարները կկրճատվեն30-40 տոկոսով, իսկ աշխատանքներն սկսելուն պես պատրաստ է վճարել իր բաժին 5 տոկոսը։ Մեկ այլ բնակչուհու՝ թոշակառու Լաուրայի խոսքով՝ երկու սենյականոց բնակարանի համար իր հասանելիք վճարը կկազմի 160,000 դրամ։ Սակայն ինքը պատրաստ է վճարել, որ իրենց շենքն «ավելի գեղեցիկ» դառնա, իսկ կյանքը՝ ավելի հարմարավետ։
Բնակիչները նշում են նաև շինարարների աշխատանքի թերությունները՝ ինչ-որ տեղ տանիքում «սխալ» նյութ է օգտագործվել, ջրահեռացումը «սխալ» է նախագծվել, արևապաշտպան ծածկը «պետք է երկարացնել», պատշգամբները բնակիչների ուզածով չեն վերանորոգվել։ Իսկ ինչ-որ տեղ շինարարներն աղբը չեն հանել։ Բայց, ընդհանուր առմամբ, բնակիչները գոհ են արդյունքից. գլխավորն այն է, որ իրենց տները չոր են ու տաք։
Ծրագրի մասին
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2017-ին և կավարտվի 2026-ին։ Այն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։
Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգասպառումը՝ նպաստելով դրա արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա ընթացքում՝ 1.4մլն տոննա CO2), կանաչ աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության կրճատմանը։
Մինչ այժմ ծրագրով համաֆինանսավորվել է.
- 15 համայնքներում 152 բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացումը,
- 5 համայնքներում 52 հասարակական շենքի արդիականացումը,
- Ընթացքի մեջ են ավելի քան 40 բնակելի և հասարակական շենքերի արդիականացման աշխատանքները։
Սպիտակ
ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում կազմակերպված մեդիաշրջագայության ընթացքում մեր առաջին կանգառը Սպիտակում է՝ Մանուկյան 14 հասցեում։
Սպիտակի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանն ասում է, որ Սպիտակում 2021-ից այս ծրագրով արդիականացվել է երեք շենք։ Դրանք ներառվել են նաև կառավարության սուբվենցիոն ծրագրում։ Այսպիսով, ՄԱԶԾ-ի ֆինանսավորման մասնաբաժինը կազմել է 25%, կառավարությանը՝ 40%, համայնքինը՝ 35%։ Արդիականացման ընդհանուր բյուջեն կազմել է 128,1 մլն դրամ։
Ստեփանավան
2020-ի սեպտեմբերից աշխատանքներ են տարվում Ստեփանավանի երկու հասարակական և Ռումինական փողոցի ինը բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ուղղությամբ։ Փողոցի մնացած հինգ շենքերը ներառված են այս տարվա ծրագրում, և այդպիսով արդիականացվելու է ամբողջ Ռումինական փողոցը։ Արդիականացման ընդհանուր բյուջեն կազմել է 697.1 մլն դրամ։
Ստեփանավանի վարչակազմի ղեկավարի օգնական Լևոն Քալանթարյանն ասում է, որ ռումինացիների կառուցած շենքերի պատերի հաստությունը չի համապատասխանում մեր չափանիշներին։ Դրանք հավաքված են 30 սմ հաստությամբ մոնոլիտ բետոնե բլոկներից։
Արդիականացման ծրագրի իրականացման առաջին երեք տարիներին բնակիչները ոչինչ չեն վճարել, սակայն հետագայում կառավարությունը փոփոխություններ կատարեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման կանոններում, և այժմ բնակիչները պարտավոր են հինգ տոկոսի չափով մասնակցել այսպիսի ծրագրերի ֆինանսավորմանը։
Դիլիջան
Դիլիջանում ծրագիրը ներառում է 11 բազմաբնակարան և երկու հասարակական շենք։ Ընդհանուր բյուջեն կազմում է 690 մլն դրամ։ Թախտա թաղամասի վեց շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են, ասում է համայնքապետարանի աշխատակից Վարդան Մկրտչյանը։
Կրկին ՄԱԶԾ ծրագրի մասին
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը մանրամասներ է ներկայացնում։
Բազմաբնակարան շենքերում աշխատանքներ են տարվում արտաքին պատերի, տանիքների և նկուղների ջերմամեկուսացման ուղղությամբ։ Մուտքերի պատուհանները և դռները փոխվում են, լուսավորությունը թարմացվում է։ Հասարակական շենքերում, օրինակ, մանկապարտեզներում և դպրոցներում, ջերմամեկուսացվում է նաև շենքերի ներսի հատվածը։
Շենքերի էներգաարդյունավետության վերլուծաբան Անդրե Օհանյանը ներկայացնում է, թե կոնկրետ ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում շենքերի ջերմաարդյունավետության բարձրացման համար։
Այսպես, պատերը հաստացվում են էքստրուդացված պոլիստիրոլի 10 սմ շերտով:
«Վրայից արվում է սոսնձասվաղային շերտ, որի մեջ տեղադրվում է ներկառուցված ապակեթելքային ցանց, այնուհետև պատերը հարդարվում են։ Տանիքում տեղադրվում են հանքային բամբակե ներքնակներ, գոլորշամեկուսիչ շերտ, որպեսզի կոնդենսատի հետ կապված խնդիր չառաջանա, հանքային բամբակ 15-20 սմ հաստության և վրայից մի հատ գոլորշաթող ջերմամեկուսիչ շերտ»,- պատմում է նա։ Նույն կերպ ջերմամեկուսացվում է նկուղի ծածկը։ Փոխարինվում են մուտքերի պատուհանները, երկաթյա դռների մեջ տեղադրվում է ջերմամեկուսիչ շերտ, տեղադրվում են նաև ավտոմատ փականներ։
Վահրամ Ջալալյանի խոսքով՝ ծրագիրը չունի տարածքային սահմանափակում, այն իրականացվում է Հայաստանի ամբողջ տարածքում։ Միակ սահմանափակումը շենքի վթարայնության աստիճանն է։ Այն չպետք է բարձր լինի երրորդ աստիճանից։ Վթարայնության ավելի բարձր մակարդակ ունեցող շենքերը ծրագրում կարող են ընդգրկվել միայն այն դեպքում, եթե նախագիծը նախատեսում է դրանց ամրացում և սեյսմակայունության բարձրացում:
Ծրագիրն ունի չորս բաղադրիչ՝
- Մասնագետների թրեյնինգներ, այդ թվում քաղաքաշինական ինսպեկցիայի աշխատակիցների համար, և մոնիտորինգ,
- Իրավական հարցեր՝ օրենսդրության մշակում, շինարարական նորմերի թարմացում, ստանդարտների մշակում և տեղայնացում,
- Ֆինանսական բաղադրիչ՝ ֆինանսական ռիսկերի նվազեցում, բանկերի, ֆինանսական հաստատությունների հետ աշխատանք, ծրագրի իրականացման համար որոշակի ֆինանսական մոդելների մշակում,
- Ներդրումային բաղադրիչ, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համաֆինանսավորում։
Վահրամ Ջալալյանը նաև բացատրում է. կառավարության սուբվենցիոն ծրագրերը շենքերի ջերմամեկուսացման ծրագիր իրականացնելու հնարավորություններից են, սակայն ՄԱԶԾ ծրագիրը ոչ մի կերպ կապված չէ սուբվենցիոն ծրագրերի հետ։
«Ճիշտն ասած, 2019-ի վերջին հենց ՄԱԿ-ի բանակցությունների արդյունքում է թույլատրվել բնակելի շենքերը ներառել սուբվենցիոն ծրագրում։ Որովհետև առաջին հայացքից ինչո՞ւ պիտի համայնքը գումար ծախսի բազմաբնակարան շենքի վրա, դա համայնքային սեփականություն չէ։ Բայց համայնքի տեսքն է փոխվում, քաղաքացիների կյանքի որակն է բարձրանում։ Եվ որոշվեց, որ պետք է ներառել»,- պարզաբանում է նա։
Նա թվարկում է Հայաստանում ՄԱԶԾ-ի արդիականացման ծրագրի առավելությունները. մարդու կյանքի բարելավում, ջերմային հարմարավետության բարձրացում, կոմունալ ծախսերի նվազում, բնակարանի արժեքի 10-15 տոկոսով բարձրացում։
Ըստ հաշվարկների՝ կոմունալ վճարները կրճատվում են մոտ 40-60 տոկոսով, սակայն փաստացի թվերը կախված են բնակիչների վարքագծից և նրանց հարմարավետության աստիճանից։
Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շենքերի էներգաարդյունավետության ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող Արմեն Աջամօղլյանը պարզաբանում է՝ 2021-ից այս ծրագրին միացել է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, որն իրականացնում է ծրագրի առաջին բաղադրիչը։
«Իրականացվում է էներգետիկ կառավարման համակարգի տեղայնացում և էներգետիկ աուդիտ։ Բոլոր շենքերի համար կազմվում են էներգետիկ պիտակներ՝ ինչքան են էներգետիկ կորուստները և ինչ աշխատանքներ է պետք իրականացնել՝ շենքի ջերմաարդիականության դասը բարձրացնելու համար։ Մենք իրականացնում ենք վերապատրաստման դասընթացներ էներգետիկ աուդիտի մասնագետների համար, նաև ներդրվում է էներգետիկ կառավարիչի ինստիտուտը պետական կառույցներում։ Նաև իրազեկման աշխատանքներն ենք իրականացնում»,- պատմում է նա։
Ի՞նչ օգուտներ է տալիս Հայաստանին այս ծրագրի իրականացումը
Դիլիջանում լրագրողներին միանում է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Լրագրողներին հետաքրքրում է, թե ինչ է տալիս այս ծրագիրը Հայաստանին, կշարունակվի՞ արդյոք այն և ինչպես է դա օգնում նվազեցնել երկրի էներգետիկ կախվածությունը։
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ այս ծրագրի հիմնական ձեռքբերումը Հայաստանում էներգաարդյունավետության մշակույթի զարգացումն է։ «Ե՛վ բնակիչները, և՛ կառավարությունը, և՛ համայնքը հասկանում են, որ էներգաարդյունավետության այս միջոցները լավ են և՛ շրջակա միջավայրի համար, և՛ մարդկանց համար»,- ասում է նա։
Նա բացատրում է, թե ինչպես է առհասարակ գործում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը. սկզբում փորձնական ծրագիր է իրականացվում նորարարության ներդրման համար, հետո մարդիկ տեսնում են դրա արդյունավետությունը, աճում է այդ նորամուծությունների պահանջարկը, և ծրագիրն ընդլայնվում է:
«Եվ հիմա մենք տեսնում ենք, որ բնակիչները, բոլոր շահագրգիռ կողմերը հետաքրքրված են, տեսնում են էներգաարդյունավետության ակնհայտ օգուտները: Համայնքները, կառավարությունը միջոցներ են ձեռնարկում էներգախնայողությունը խթանելու համար, օրենսդրություն է մշակվում, շինարարական նորմեր են մշակվում դրա համար։ Ծրագիրը հաջողության է հասել, որովհետև երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- նշում է նա։
Նաթիա Նացվլիշվիլին դեռ չի կարող կոնկրետ որևէ բան ասել 2026-ից հետո ծրագրի շարունակության մասին։ Ասում է՝ դա կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ ծրագիրը ֆինանսավորող դոնորներից։
Ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ անկախությանը և անվտանգությանը, ապա, ըստ մշտական ներկայացուցչի, էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները նվազեցնում են սպառվող էներգիայի քանակը, իսկ երբ էներգիայի սպառումը կրճատվում է, նվազում է նաև երկրի էներգետիկ կախվածությունը։
«Իհարկե, այլ միջոցներ էլ պետք է ձեռնարկել էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար, օրինակ՝ վերականգնվող էներգիայի՝արեգակնային, հողմային էներգիայի արտադրությունը։ Այս պահին Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը բավականին փոքր է, բայց Հայաստանն ունի ծրագրերայդ ոլորտը զարգացնելու համար, և հուսով եմ, որ այս ծրագրերը կիրականացվեն»,-ասում է նա։
Նաթիա Նացվլիշվիլին պնդում է՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում իր ներդրումը կարող է ունենալ յուրաքանչյուր քաղաքացի։ Եվ պետք չէ կարծել, թե դա կառավարությունների բացառիկ իրավասությունն է։ «Եթե Երկրի վրա յուրաքանչյուր մարդ փոխի իր վարքագիծը՝սկսած էներգիայի և ջրի խնայումից, վերջացրած թափոնների կառավարումից կամ հասարակական տրանսպորտից օգտվելուց, ապա դա կարող է շատ բան փոխել»,- ամփոփում է Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը:





























