Արմավիրի մարզում, նոյեմբերի 27-ին, Նոր Կեսարիա գյուղում տեղի ունեցած  համայնքի ղեկավարի ընտրություններում 10 տարվա  գյուղապետ, ՀՀԿ-ական  Հրանուշ Սերոբյանը պարտվել է ավագանու թեկնածու, անկուսակցական  Հրայր Գալստյանին:

Արմավիրի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ կիրակի, նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Հրայր Գալստյանը հավաքել է  523, իսկ Հրանուշ Սերոբյանը` 286 ձայն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նոր Կեսարիան ունի 1010 ընտրող, որոնցից մոտավորապես 250-ը մեկնել են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Արդեն Նոր Կեսարիայի գյուղապետ Հրայր Գալստյանը NEWS.am-ի թղթակցին  փոխանցեց, որ ընտրություններն անցել են օրենքի շրջանակներում, առանց ընտրակաշառքների: Իսկ իր հաղթանակը հետեւյալ կերպ պատճառաբանեց. «Իմ հաղթանակը պայմանավորված էր ժողովրդի վստահությամբ, փոխադարձ հարգանքով,. ինչպես նաեւ գործող գյուղապետի վատ աշխատանքով: Եթե գործող գյուղապետը կրկնակի պարտություն է կրում իր հակառակորդին ուրեմն նորմալ աշխատանք չի կատարել, լավ չի աշխատել»:

Հարցին, թե Նոր Կեսարիայի անկուսակցական  գյուղապետը պատրաստվո՞ւմ է ինչ-որ կուսակցության անդամագրվել, մասնավորապես, ՀՀԿ-ին, նա արձագանքեց. «Դեռ չեմ որոշել, բայց հնարավոր է»:

Արդեն նախկին գյուղապետ Հրանուշ Սերոբյանն էլ հայտարարել է, թե ընտրություններն անցել են օրենքի շրջանակներում եւ ինքը չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները:

Հիշեցենք, որ այս թեկնածուները գյուղապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարել են նաեւ 2007թ-ին, սակայն նախկինում պարտված թեկնածու`  Հրայր Գալստյանը բողոքներ չէր  ներկայացրել, պատճառաբանելով, որ ընտրությունները օրենքի շրջանկներում են անցել: