Հրապարակելու խնդրանքով «Երկիր» միությանն առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով)

Ի պաշտպանություն ջավախքահայ Վահագն Չախալյանի, «Երկիր» միությունը 1600 ստորագրություններով հանրագիր է ներկայացրել` հասցեագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում:

Հանրագրում, մասնավորապես, ասվում է.

«Ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանն իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական եւ կրթական արժեքների պահպանման համար, այլ նաեւ Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից  զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:

Վերոնշյալ գործողության պատճառով Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` ապօրինի ձերբակալության, դատավարության եւ բանտարկության։

Բանտարկված Վահագնը մարմնավորում է հայաթափվող Ջավախքի, շրջափակված Հայաստանի, Արցախի եւ աշխարհով մեկ սփռված հայության գոյապայքարի ճակատագիրը։

Ուստի մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ` Վրաստան կատարվելից ձեր առաջիկա այցի ընթացքում վրաց իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման խնդիրը»:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին, իսկ 2009թ. ապրիլի 7-ին բոլոր պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության» (Վրաստանի քր. օրենսգրքի  226- րդ հոդված), «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» (239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետ) եւ «զենք-զինամթերքի պահպանման» (236-րդ հոդվածի 1-ին մաս) համար:

Չախալյանը բողոք է ներկայացրել վրաց իշխանությունների դեմ Մարդու իրավունքների eվրոպական դատարան: Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է: