Լեհաստանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը շաբաթ օրն աշխատանքից ազատել է հեռուստալրագրողին, որը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ արձագանքել է Ջոն Լենոնի «Imagine» երգի կատարմանը՝ ասելով, որ դա «կոմունիզմի տեսլական է», հաղորդում է AP-ն:

TVP հեռուստաընկերության շաբաթ օրվա հայտարարության մեջ ասվում է, որ լրագրող և մարզական մեկնաբան Պշեմիսլավ Բաբիաժին այլևս չի թույլատրվի ուղիղ եթերում մեկնաբանել այս ամառվա խաղերը:

Հեղինակն իր երգում առաջարկում է պատկերացնել, որ «չկա դրախտ, դժոխք, երկրներ, սեփականություն»:

«Ցավոք, սա կոմունիզմի տեսլական է», - ասել էր Բաբիաժը ուրբաթ երեկոյան Փարիզում Սենի ափին խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, և այս մեկնաբանությունն անմիջապես վիճաբանություն էր առաջացրել Լեհաստանում հեռարձակումը դիտողների շրջանում:

Լրագրողին հեռացնելու TVP-ի հայտարարության մեջ ասվում է. «Փոխըմբռնումը, հանդուրժողականությունը, հաշտեցումը ոչ միայն Օլիմպիական խաղերի հիմնական գաղափարներն են, այլև այն չափանիշների հիմքը, որոնցով առաջնորդվում է լեհական նոր հեռուստատեսությունը: Դրանք խախտելու համաձայնություն չկա»։