Ամռան շոգ օրերին ավելի քիչ ենք սովածանում, քան ձմռանը։ Ի՞նչ կապ կա ախորժակի եւ ջերմաստիճանի միջեւ։

Ջերմաստիճանի ազդեցությունն ախորժակի վրա գրավել է գիտնականների ուշադրությունը։ Տեխասի համալսարանի սննդաբան Էլիսոն Չայլդրեսը նշել է, որ սառը պայմաններում մարդիկ ավելի շատ են ուտում եւ կալորիաներ սպառում։

Դա կենսաբանական պատճառ ունի։ Կալորիաները էներգիայի միավոր են։

Դրանց սպառման ժամանակ ջերմություն է արձակվում, ինչն օգնում է մարդկանց պահպանել մարմնի ջերմությունը ավելի սառը կլիմայում։ Բայց երբ ձմեռը տաք է, մարդիկ նկատում են, որ շատ ավելի քիչ են ուզում ուտել։

Մասաչուսեթսի Ուիլյամսի քոլեջի նեյրոկենսաբան Մեթ Քարթերը նշել է, որ շատ փոփոխականներ, ներառյալ հորմոնները, սպիտակուցները եւ շրջակա միջավայրի գործոնները, ազդում են այն բանի վրա, թե ինչու ենք մենք քաղց զգում եւ ինչու է այդ զգացողությունը նվազում շոգ օրերին։

Մեր օրգանիզմը փորձում է պահել կայուն ներքին վիճակ, դա կոչվում է հոմեոստազ։ Դրա համար ենք մենք քրտնում արեւից կամ ջուր խմում լարված մարզումներից հետո։ Քաղցը նաեւ հոմեոստատիկ է, մենք մեզ քաղցած ենք զգում, երբ օրգանիզմում քիչ են կալորիաները։

Կարեւոր դեր են խաղում երկու հորմոններ՝ գրելինը եւ լեպտինը։

Այդ հորմոնները ազդանշաններ են տալիս հիպոթալամուսում, որը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, քաղցը եւ ծարավը։ Այստեղ գրելինը խթանում է քաղցի զգացման հետ կապված հորմոնները, որոնք կոչվում են AgRP-նեյրոններ՝ ստիպելով մեզ քաղցած զգալ։ Լեպտինը, հակառակը, ճնշում է այդ նեյրոնները եւ խթանում POMC նեյրոնները, որոնք ստիպում են մեզ կուշտ զգալ։

Ուղեղում կա ջերմաստիճանի կարգավորիչ՝ սպիտակուցներ, որոնք փոխում են ձեւը, հենց որ ձեր մարմինը հասնում է ջերմության որոշակի մակարդակի։ eLife ամսագրում 2020թ. հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մկների մոտ ուղեղի որոշակի բջիջներ տեղեկություն են ուղարկում AgRP նեյրոններին, երբ օդի ջերմաստիճանը սառն է, ինչն ուժեղացնում է քաղցի զգացողությունը։

Մյուս կողմից, երբ փողոցում շոգ է, POMC նեյրոնները ջերմազգայուն սպիտակուց են արտադրում, որն ակտիվանում է մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում, ինչն իր հերթին ակտիվացնում է կուշտ լինելու հետ կապված նեյրոնները, վկայում է 2018թ. կատարված հետազոտությունը, որը հրապարակվել է PLOS Biology ամսագրում։