Բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգը և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներգրավված են եղել ալժիրցի կին բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆի դեմ ենթադրյալ «ծանրացուցիչ հանգամանքներով կիբերհարձակումների» առնչությամբ Ֆրանսիայի իշխանությունների հարուցած քրեական գործում, գրում է Variety-ն:
Փարիզցի փաստաբան Խելիֆ Նաբիլ Բուդին Variety-ին տված հարցազրույցում հաստատել է, որ վերանշյալ երկու հայտնի գործիչները հիշատակված են ուրբաթ Փարիզի դատախազությանն առընթեր Համացանցային ատելության դեմ պայքարի կենտրոն ուղարկված բողոքի տեքստում։
Հայցը հարուցվել է X սոցիալական ցանցի դեմ, ինչն, ըստ ֆրանսիական օրենսդրության, նշանակում է, որ այն հարուցվել է անհայտ անձանց դեմ:
Բուդին նշել է, որ դա «երաշխավորում է, որ մեղադրող կողմն ունենա բոլոր հնարավորությունները հետաքննելու բոլոր անձանց», ներառյալ նրանց, ովքեր կեղծանվան տակ կարող են վիրավորական հաղորդագրություններ թողնել:
Փաստաբան ը հավելել է, որ հայցի շրջանակում կուսումնասիրվի նաև նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պահվածքը, որը ևս սոցցանցերում անդրադարձել է ալժիրցի կին բռնցքամարտիկին։
Շաբաթ օրը բռնցքամարտի 66 կիլոգրամ քաշային կարգում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճած Խելիֆը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի մեծ մասն անցկացրել է իր սեռի կարգավիճակի շուրջ ծագած աղմկահարույց սկանդալի կենտրոնում:
Հակառակ այն հանգամանքին, որ Խելիֆը ծնվել է իգական սեռի ներկայացուցիչ և իրեն տրանսգենդեր չի համարում, և չնայած նրան, որ նրան աջակցում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը հայտարարել է, թե «գիտական տեսանկյունից սա տղամարդու դեմ մենամարտ չէ, նա իր սեռի վերաբերյալ մեղադրանքների և վիրավորանքների տարափի է արժանացել:
Իր 14,2 միլիոն բաժանորդներին ուղղված հաղորդագրություններից մեկում՝ Ջոան Ռոուլինգը լուսանկար է հրապարակել իտալացի կին բռնցքամարտիկ Անջելա Կարինիի հետ Խելիֆի մենամարտից՝ մեղադրելով Խելիֆին «մի կնոջ տառապանքը վայելելու մեջ, որի գլխին հենց նոր հարված է հասցրել»։
Իլոն Մասկն էլ տարածել է լողորդ Ռայլի Գեյնսի գրառումը, ըստ որի՝ «տղամարդիկ կանանց սպորտում տեղ չունեն»։ Միլիարդատերը համաձայնել է այս պնդման հետ։
Թրամփն իր հերթին հրապարակել է հաղորդագրություն՝ Կարինայի հետ Խելիֆի մենամարտի լուսանկարով, որն ուղեկցվում է մեկնաբանությամբ. «Ես տղամարդկանց թույլ չեմ տա խցկվել կանանց սպորտ»։





























