Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը դեռ որոշում չի կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ: «Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու որոշում չեմ կայացրել»,-այս մասին NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում նշեց Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետը:

Հարցին, թե նման մտադրությո՞ւն էլ չունի, նա պատասխանեց. «Մտադրությունները հետո կերեւա: Հիմա, եթե այդ մասին ընդհանրապես չեմ մտածել, ի՞նչ մտադրության մասին է խոսքը: Եթե մտածեմ կստացվի, որ մտադրություններ ունեմ, չէ՞: Բայց ես այդ մասին դեռեւս  չեմ մտածել»:

NEWS.am-ի  թղթակցի այն հարցին, թե այս դեպքում ինչո՞վ է պայմանավորում իր թեկնածու առաջադրվելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, Կովալենկո Շահգալդյանն արձագանքեց. «Ձեր հարցին պետք է հարցով պատասխանեմ: Ինչո՞վ է պայմանավորված, որ այս քանի տարի է անընդհատ շրջանառության մեջ է դրվում, որ ինձ  պաշտոնանկ են անելու: Եթե այս հարցին պատասխանեք ես էլ  այդ հարցին կպատասխանեմ»: