Դեկտեմբերի կեսերին պարզ կլինի Երեւանում` Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Ռոդենի քանդակի ճակատագիրը, մասնավորապես` արձանը կտեղափոխվի, թե` ոչ եւ որտեղ: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ  առաջիկա շաբաթվա ընթացքում գումարվելու է քաղաքաշինության խորհրդի հին կազմի նիստը: Նրանք հանդիպելու են նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ներկայացնելու են դիրքորոշումներ, թե ինչպիսին պետք է լինի խորհրդի նոր կազմը: Դրանից հետո, Արթուր Գեւորգյանի խոսքով, կգումարվի քաղաքաշինական խորհրդի նոր կազմի նիստ, որտեղ ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաեւ Ռոդենի արձանի հարցը:

Հիշեցնենք, որ Ռոդենի քանդակի տեղի հարցը դեռեւս վերջնական չէ: Այս մասին Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում, ի պատասխան քաղաքացիներից մեկի դժգոհության, որը վերաբերում էր նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված Ռոդենի արձանի տեղադրման վայրին, գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Մասնավորապես, քաղաքացին դժգոհել է, որ այդ հրաշալի գործը անմատչելի է քաղաքացիների համար. մոտենալու, նայելու, զգալու եւ սովորելու ոչ մի հնարավորություն չկա:

Իսկ Շուշան Սարդարյանը իր պատասխանում նշել է, որ արձանը տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի Հայաստան կատարած այցի շրջանակում՝ հրապարակի գեղարվեստական ձեւավորման համատեքստում: Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանում` Ֆրանսիայի հրապարակում, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից բացվել է Ռոդենի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ իր ելույթում, Նիկոլա Սարկոզին արտասանել է «ցեղասպանության» բառը: