Ուկրաինան չի տարհանի ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի Կուրսկի շրջանից, այլ միջազգային իրավունքի համաձայն, նրանց մարդասիրական միջանցք կտրամադրի, Հանրային հեռարձակման եթերում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ և Ուկրաինայի գրավյալ տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, հայտնում է Korrespondent.net-ը։
«Ուկրաինան խստորեն պահպանում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Իսկ կանոններն ասում են, որ եթե մարտական գոտում խաղաղ բնակչության համար վտանգ կա, ապա նրանց պետք է մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Վերեշչուկը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «հասկանում է ուկրաինացիների զգացմունքներն այս իրավիճակի վերաբերյալ, բայց որպես Ուկրաինան միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, պարտավոր է հայտարարել նման միջանցքի մասին»։
«Կօգտվեն դրանից, թե ոչ, իրենց գործն է: Բայց այս պահի դրությամբ Ռուսաստանը, որը պետք է հոգ տանի իր քաղաքացիների մասին, մեզ չի դիմել նման միջանցք բացելու հարցով, այսինքն՝ նրանց փաստացի թողել են ճակատագրի քմահաճույքին»,- ասել է Վերեշչուկը։





























