ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսն առաջին անգամ միասին են հանդես եկել հանրային միջոցառմանը, այն բանից հետո, երբ Հարիսը նախագահի դեմոկրատ թեկնածուի պաշտոնում փոխարինեց Բայդենին։ Հարիսը պատմել է բժշկական ապահովագրության ծրագրում ներառված,  ամերիկացիների համար դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների գների էժանացմանն ուղղված վարչակազմի նոր ծրագրի մասին, հաղորդում է CBS News-ը:

Հայտնվելով Մերիլենդի Փրինս Ջորջի շրջանի համայնքային քոլեջում՝ Բայդենը գովել է Հարիսին՝ ասելով, որ նա «աներևակայելի  լավ նախագահ» կլինի։

Բայդենը և Հարիսը նաև հայտարարել են Medicare-ի շրջանակներում դեղերի գների վերաբերյալ առաջին բանակցությունների արդյունքների մասին։

«Այս սենյակում մեծ սեր կա մեր նախագահի հանդեպ,- ասել է Հարիսը:- Եվ ես կարծում եմ, որ դրա համար շատ պատճառներ կան, ներառյալ այն փաստը, որ մեր երկրում քիչ առաջնորդներ են ավելին արել շատ հարցերում, այդ թվում՝ մատչելի առողջապահության հասանելիության ընդլայնման հարցում, քան Ջո Բայդենը»:

Ըստ Հարիսի, երկու տարի առաջ Բայդենի վարչակազմը Medicare-ին լիազորություններ տվեց բանակցելու դեղերի գների իջեցման հարցում: Եվ հենց Հարրիսն էր, որն իր որոշիչ ձայնը տվեց Արժեզրկման նվազեցման օրենքին, որը Medicare-ին տվեց այս լիազորությունները:

«Շնորհակալություն, Ջո»,- ասել է Հարիսը ամբոխից լսվող «Շնորհակալություն, Ջո» բարձր վանկարկումների ներքո։