Այս շաբաթ ԱՄՆ Այովա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ առվի ափին հայտնաբերվել է մաստոդոնի 13600 տարեկան գանգ, որը անհետացած հսկա կենդանիների տեսակի ներկայացուցիչ է, հայտնում է CBS News-ը։
Այովա նահանգի Հնագիտական վարչությունը սոցցանցերում գրառման մեջ հայտնել է, որ հնագետները չորեքշաբթի օրը Ուեյն շրջանի պեղումների վայրում առվի ափին լավ պահպանված գանգ են գտել:
«Մոտ երկու շաբաթ տևած պեղումների ընթացքում հայտնաբերվել են մաստոդոնի մի քանի ոսկորներ, սակայն գանգը եզակի էր, քանի որ այն առաջին լավ պահպանված մաստոդոնն էր (հիմնականում՝ գանգը), որը պեղվել է Այովա նահանգում», - ասվում է հաղորդման մեջ:
Ռադիոածխածնային վերլուծությունը պարզել է, որ այն մոտ 13600 տարեկան է։ Հաղորդման մեջ ավում է, որ հնագետները մանրակրկիտ կուսումնասիրեն ոսկորները՝ պարզելու համար, թե արդյոք կա մարդու գործունեության որևէ ապացույց, օրինակ՝ կտրվածքների հետքեր: Մաստոդոնները մամոնտների և ժամանակակից փղերի ցեղակից նախապատմական կաթնասուններ են, որոնք ապրել են երկրի վրա 23 միլիոն տարի առաջ։ Մաստոդոններն անհետացել են մոտ 10000 տարի առաջ, սակայն նրանց ոսկորները հայտնաբերվում են ամբողջ Հյուսիսային Ամերիկայում:





























