Ուկրաինան մոտ է Սեյմ գետի կաթսան (շրջափակում) ավարտին հասցնելուն, օղակում մնացել է շուրջ 3000 ռուսաստանցի զինվոր, գրում է գերևմանական Bild պարբերականը:

«Օգոստոսի 16-ից ուկրաինական զորքերը սկսել են պայթեցնել Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանի հյուսիսի Սեյմ գետի կամուրջները։ Դա կարող է անջատել Ռուսաստանի ԶՈՒ խմբավորումը, քանի որ արևմուտքից և հարավից տարածքը շրջապատված է Ուկրաինայի տարածքով։

Ռուսաստանն ի պատասխան կազմակերպում է պոնտոնային (նավակամրջային) անցումներ և օդային կամուրջ, միաժամանակ պաշտպանում է արևելքում մնացած անցուղին։ Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը գրավել էին այնտեղ գտնվող Սնագոստ և Ապանասովկա գյուղերը։ Մինչև Սեյմ գետը հասնելն ու կատարյալ շրջափակումը ուկրաինացի զինվորներին մնացել է 5 կմ։ Կաթսայի ներսում մնում է 2-3 հազար ռուսաստանցի զինվոր։

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պետական ​​սահմանը կաթսայի հարավում և արևմուտքում պաշտպանության համար պատրաստ է։ Սակայն ռուսների համար դժվար կլինի պաշտպանվել, եթե Ուկրաինայի զինված ուժերը հարձակումը սկսեն արևելքից։

Բացի դրանից, արևմուտքում ուկրաինացիներն արդեն հատել են սահմանը և վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի տարածքի մի փոքր հատվածը՝ 15 քառ. կմ դեպի Սեյմ գետ։ Այնտեղ է նաև Օտրուբա ագարակը:

Ռուսներն այժմ պարզ ընտրություն ունեն՝ կռվել և պաշտպանել այդ տարածքը կամ նահանջել։ Ըստ ամենայնի, նրանց համար երկու տարբերակներն էլ ճակատագրական կլինեն։ Սակայն պետք է անկեղծորեն ասել, որ այս ճակատամարտը վճռորոշ բնույթ չունի։ Քանի որ հայտնի չէ, թե որքան ուժ է մնացել Ուկրաինային»,- նշում է գերմանական պարբերականը։