«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիպի» մեջ, ես որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետեւյալ նկատառումները: Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը եւ ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլեւ` Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը: Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով, նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական բարքերին եւ պատրաստ էին միանալ համաժողովրդական շարժմանը: Եվ երբ իշխանությանը դա հայտնի դարձավ, ազգի այդ նվիրյալների դեմ շինծու գործեր սարքվեցին եւ նրանք մեկուսացվեցին հասարակությունից: Այժմ այդ երկու սպաների բոլոր հարազատների եւ ընկերների սրբազան պարտքն է համախմբվել ՀԱԿ-ի շուրջը եւ հասնել այս քաղբանտարկյալների ազատ արձակմանը, որպեսզի նրանք ազատություն ստանալով, իրենց լուման ներդնեն կոռուպցիայի դեմ պայքարում:

Անշուշտ քաղաքական հետապնդումների զոհ է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Իշխանության գործակալ Սիլվա Համբարձումյանը պարզապես սադրել է, որ այդ անթերի ջենթլմենը ձեռքերով ու ոտքերով, իր էությանը հակառակ շարժումներ անի: Պարոն Խաչատրյանը դեռ ժամանակ ունի վերահաստատելու բյուրեղյա գործչի իր վարկը եւ համալրելու քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ անխոնջ պայքարողների շարքերը:

Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցներ են նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները` Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ: Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներ լինելով` նրանք ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանում բազմակարխություն ու խոսքի ազատություն հաստատելու համար: Սակայն իշխանության սեւ PR-ի պատճառով տպավորություն է ստեղծվել, որ նրանք 9 տարի եթեր չեն թողնում «Ա1+»-ը: Վստահ եմ, որ եկել է ժամանակը, որ այդ ազատամիտ եւ ինքնուրույն գործիչները կթոթափեն իրենց վրայից իշխանության կողմից խորամանկորեն ստեղծված կեղծ իմիջը եւ հրապարակավ կհայտարարեն համաժողովրդական շարժմանն իրենց աջակցության մասին:

Դե, իսկ օլիգարխների մասին, բնականաբար, խոսելն իսկ ավելորդ է: Նրանք պարզապես երազում են, թե երբ է գալու այն պահը, երբ իրենք ստիպված չեն լինի թաքցնել իրենց եկամուտները եւ մուծելու են օրենքով նախատեսված բոլոր հարկերը:

Խոշոր գործարարները տենչում են նաեւ օր առաջ ազատվել իրենց մենաշնորհային դիրքերից` հնարավորություն տալով բոլոր մնացած բիզնեսմեններին իրականացնել իրենց գործառույթների մեծ մասը: Մնում է, որ նրանք բացեիբաց դուրս գան ավազակապետական ռեժիմի դեմ` ցույց տալով սեփական բնածին ազնվությունը:

Վստահ եմ, որ այս վերլուծությունը կմեծացնի ռեժիմի ներսում գոյություն ունեցող ճաքերը եւ կմոտեցնի սահմանադրական կարգի վերականգնման բաղձալի պահը»: