«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամի դեմ դատավարության ընթացքում բացահայտվեցին օրենքի թույլ կողմերը, որի համաձայն փողոցում կատարվող քարոզչությունը հնարավոր չէ ձեւակերպել որպես հոգեորսություն: Այս մասին այսօր` նոյեմբերի  30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Տեր Եսայի քահանա Արթենյանը, ում հայցի հիման վրա, եկեղեցու տարածքում քարոզչություն իրականացնող «Եհովայի վկան» դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման:

«Պատճառն այն է, որ, այսպես կոչված, շատ եվրոպամետ ուժեր փորձում են համոզել հասարակությանը, որ հոգեոսությունը իրավական տերմին չէ: Այնինչ մեզ համար դժվար չէ հոգեորսությունը սահմանել որպես իրավական եզր եւ դնել շրջանառության մեջ»,-ասաց նա:

«Մինչեւ այդ պատմությունը, մեր եկեղեցու երկու ծայրերում Եհովայի վկաներից  երկու հոգի հերթապահում էին ամեն օր: Սակայն վերջին աղմուկից հետո չեն հայտնվում: Մեծ տրամաբանական վելուծական միտք պետք չէ հասկանալու համար, որ սա արվում  է կոնկրետ եկեղեցի եկող  քաղաքացիներին իրենց շարքերը քաշելու եւ ճանպարհից շեղելու համար»,- ավելացրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Իրավապաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ նշեց, որ խղճի ազատության եւ դավանանքի մասին օրենքում հստակ սահմանված է, որ հոգեորսությունն արգելվում է, սակայն փակագծերը չեն բացված եւ դեռեւս քննարկումներ են ընթանում:

«Քննարկումների արդյունքում մենք վերջնական տեսքը, ձեւակերպումը չունենք: Նույն օրենքի հաջորդ հոդվածն ասում է, որ կրոնական կազմակերպությունները իրավունք ունեն քարոզելու մանկապարտեզներում, ծերանոցներում, հիվանդանոցներում: Այսինքն` հասարակության խոցելի շերտերին: Հետեւաբար, ես`  որպես մասնագետ դա համարում եմ հոգեորսություն: Ինչից էլ նրանք կառչում են»,- ավելացրեց Վարդուհի Էլբակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գործով նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Քահանա  Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց  եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:

Սակայն  Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են  Տեր Եսայի Քահանա  Արտենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել  Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց  Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանային: