«Հայփոստ» ՓԲԸ-ն, այսօր` նոյեմբերի 30-ին, վերաբացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի եւ Բյուրեղավան քաղաքի փոստային բաժանմունքները։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստի» մամուլի ծառայությունում, վերաբացման արարողություններին ներկա են եղել Առինջի գյուղապետ Գագիկ Սարգսյանը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինպես նաեւ ավանների բնակիչներ:

«Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը նշել է, որ բացի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագրից, «Հայփոստը» խորացնում է հարաբերությունները նաեւ Ռուսաստանի փոստի հետ` հաշվի առնելով առաքանիների ծավալն այս երկրի եւ Հայաստանի միջեւ:

Նշենք, որ «Հայփոստն» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ խորացնում է համագործակցությունը Ռուսաստանի փոստային ծառայության հետ։

Հիշեցնենք, որ մինչեւ տարեվերջ «Հայփոստը» նախատեսում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 50-ի` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետեւանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները:

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: