Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խմ բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ-ից ցածր:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ, նշվում է, որ հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում եւ հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից (Կկալ) ցածր երբեք չի եղել:
Մինչդեռ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. № 54Ն որոշմամբ հաստատված բնական գազի սակագինը ամսական 10,0 հազար խմ եւ ավելի սպառողների (խոշոր սպառողներ) համար սահմանել է գազի ջերմատվության բազային արժեքի հիման վրա, որը կազմում է 7900 Կկալ մեկ խմ-ում: Ավելի բարձր կալորիականություն ունեցող գազի համար խոշոր սպառողները վճարում են, համապատասխանաբար, ավելի բարձր սակագնով, որը հաշվարկվում է Հանձնաժողովի կողմից հաստատված բանաձեւով:
Ընդ որում, մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար սակագինը հաստատուն է՝ անկախ գազի կալորիականությունից:
ՀԾԿՀ-ի կողմից 08.07.2005թ. № 95-Ն որոշմամբ հաստատված «Գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» (ԳՄՕԿ) հիման վրա Հանձնաժողովը 09.12.2005թ. № 199Ն, 20.01.2006թ. № 9Ն եւ 20.01.2006թ. № 8Ն որոշումներով հաստատել է բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւեր, որոնք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կնքում է, համապատասխանաբար, խոշոր սպառողների եւ բնակիչների հետ: Պայմանագրերում նույնպես ամրագրված է, որ խոշոր սպառողներին մատակարարվող բնական գազի ջերմատվությունը 7900 կիլոկալորիայից ցածր լինելու դեպքում պետք է վերահաշվարկվի բաժանորդի կողմից վճարվող գումարը:
«ՀայՌուսգազարդ»-ն ունի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ստացիոնար եւ շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ:
Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը եւ «Արարատցեմենտ» գործարաը: Այսինքն, բացի «ՀայՌուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա եւս երեք անկախ լաբորատորիա:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն այդ սպառողների հետ ստորագրել է աշխատանքային կարգ, որով սահմանված է. թե ինչպես են իրականացվում գազի որակի համատեղ փորձարկումները եւ փոխստուգումները: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր՝ վերահսկելով մատակարարվող գազի որակը:
Բացի այդ, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «ՀայՌուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն: Ընկերությունը հրապարակում է նաեւ ամփոփ տեղեկատվություն՝ ըստ տասնօրյակների եւ ամսվա կտրվածքով: Այդ տեղեկությունները հաշվետվության տեսքով ներկայացվում են նաեւ ՀԾԿՀ:



























