«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 29-ին, դոկտոր Արմեն Մազմանյանի հրավերով բանախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության դեպարտամենտում: NEWS.am-ին «Ժառանգության» լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «Արժեքների, նորմերի եւ հաստատությունների վերաիմաստավորումը Հայաստանում» (Rethinking Values, Norms, and Institutions in Armenia) շարքից «Ցեղասպանություն» բառի վերաիմաստավորում» (Rethinking the G-word) խորագրով բաց սեմինար-քննարկման ընթացքում Հովհաննիսյանը պատմական անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ու Հայրենազրկման, համայն հայության եւ մարդկության դեմ հանցագործությունների իրավական ու քաղաքական բովանդակությանը, դրանց դատապարտման միջազգային իրավունքի միասնական սկզբունքների եւ կիրառման մոտեցման անհրաժեշտությանը:
Հովհաննիսյանը խոսել է Ցեղասպանության եւ թուրքական ժխտողական քաղաքականության հետեւանքով բազում մարդկային ճակատագրերի, պատմական հայրենիքի, մշակութային ժառանգության, կրոնական ու հոգեւոր արժեքների անդառնալի կորուստների, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եւ սփյուռքահայության առջեւ ծառացած մարտահրավերների մասին: Մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանին հարցեր են ուղղել արդի տարածաշրջանային զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության տեսլականի, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման եւ իրավաքաղաքական հետեւանքների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն ծանոթանալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումներին:




























