Դեռ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ խոստացավ Լոռիի մարզի գյուղական համայնքներում բնակվող ամեն ընտանիքին 8 խմ անվճար վառելափայտ տրամադրել, բայց կոնկրետ ժամկետներ չնշվեցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գուգարքի տարածաշրջանի 350 բնակիչ ունեցող Ձորագյուղ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանը, հավելելով, որ գազաֆիկացված չէ, իսկ գազից օգտվող համայնքներն էլ բավարար գումար չունեն, ձմռանը ջեռուցումը գազով կազմակերպելու համար:
«Ժողովուրդը մրսում է, բնակիչներն ստիպված իրենց տնամերձի ծառն են կտրում, որ վառեն տաքանան, ուրիշ ճար չունեն, անտառի մոտ էլ մեքենաները չեն կարողանում բարձրանալ, որ գոնե անտառտնտեսության 1200 դրամով տրվող թափուկները հավաքեն»,-ասում է գյուղապետը:
Գուգարքի տարածաշրջանի մեկ այլ` 2700 բնակիչ ունեցող Գյուլագարակ համայնքը թեեւ 70 տոկոսով գազաֆիկացված է, սակայն բնակչությունը գազից գրեթե չի օգտվում`թանկ գնի պատճառով:
Բնակչության թվով աչքի ընկնող այս համայնքի մեծ մասը, գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանի խոսքերով, խախտում են օրենքն ու ապօրինի ծառահատումներ կազմակերպում` տները ջեռուցելու համար:
Թումանյանի տարածաշրջանի Կաճաճկուտ գյուղը եւս գազաֆիկացված չէ, բնակիչները տաքանում են վառելափայտով:
Համայնքի ղեկավար Մխիթար Թամազյանն ասում է, որ Կաճաճկուտում ձմեռները չափազանց ցրտաշունչ են: Գյուղի 482 բնակիչների գերակշռող մասը փայտը գնում են սեփական գումարներով` մոտ 15 հազար դրամ վճարելով ամեն 1 խմ-ի համար: «2008-ին կար ծրագիր, որով խոստացան ջեռուցել գազ չունեցող համայնքները, որի մեջ նաեւ մեր գյուղն էր ընդգրկված, բայց ծրագիրն իրականություն չդարձավ, իսկ մեր գյուղի բյուջեն չափազանց փոքր է`բնակիչների տները գազաֆիկացնելու համար»,-ասում է Մխիթար Թամազյանն ու հավելում, որ գյուղի միջով գազի խողովակն անցնելու է մոտ 9 կմ, ընդհանուր հաշվարկով գումարը համայնքի 2 տարվա բյուջեի գումարից ավելի շատ է կազմում:
Լոռիի Մարզի Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանն էլ ասում է, որ չնայած 2 տարի առաջ գյուղ բերվեց ընդհանուր գազի խողովակաը, սակայն ընդամենը 20 տուն կարողացան գազը հասցնել դեպի տուն, բնակիչները մեծ մասամբ վառելափայտից ու չոր աթարից են օգտվում:































