Հանրապետական կուսակցությունը երիտասարդ ղեկավար կազմ է ընտրել Ազգային Ժողովի համար: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահի, իսկ Էդուարդ Շարմազանովին փոխնախագահի պաշտոնում առաջադրելու կուսակցության որոշումը:
Դիտարկմանը, թե Նիկոյանը որպես ԱԺ նախագահ թույլ է, նաեւ մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքն է ձախողել, Զոհրաբյանն ասաց, «Նիկոյանը լավ է աշխատել մարտի 1-ի հանձնաժողովում, ինչ կարողացել` բացահայտել է, ինչ չի կարողացել` չի բացահայտել: Նորմալ է»:
Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ տեղի էին տվել Նիկոյանի նյարդերը, ապա Առաքել Մովսիսյանն («Շմայս») էր հայհոյել «Ժառանգության» պատգամավորին, Զոհրաբյանը նշեց. «Ասեմ, որ մեր մոտ ամենաքիչն է լինում նման բան: Նայեք այլ խոհրդարաններին, Ճապոնիայում եւ այլ երկրներում: Ճիշտ է, տերմինների հարցում պետք է զուսպ լինել»:
Ըստ Զոհրաբյանի, թարմացվելու է նաեւ հանրապետականների պատգամավորական կազմը: «Մենք քանի որ երիտասարդ երկիր ենք, կարող է հարուստ մարդ լինել, որ Հայաստանի բյուջեի չափ փող ունենա եւ ազդի քաղաքական գործընթացների վրա»,- նշեց նա՝ նկատելով, որ գործարարները կպակասեն համամասնական ցուցակից, իսկ մեծամասնականի դեպքում ով ցանկանա կարող է առաջադրվել:




























