Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ, դեկտեմբերի 3-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, ժամը 11.00-ին տեղի կունենա այցելություն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հիշատակի տուրքի եւ պսակադրության արարողություն ՀՀ Ազգային հերոս Մ. Գորգիսյանի շիրիմի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ժամը 12.00-ին` ՀՀ Ազգային հերոս Մ. Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում «Ա. Բաբաջանյանե համերգասրահում:

Միջոցառման մասնակիցներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն դեկտեմբերի 3-ին, ժամը 10:30-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից:

Նշենք, որ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին, Երեւանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։

1987-ց Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է: 1989-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։

1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի՝ Նախիջեւանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: