Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի ու աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ համալսարանական եւ գիտահետազոտական հարցերի պատասխանատու Էլեն Դյուշենի հանդիպման ժամանակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է հատկապես Հայաստանի ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ֆրանսիական կողմի համար կարեւ որ է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության  գնահատականն ու մեկնաբանությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Շեշտելով, որ Ֆրանսիական համալսարանը մեր բարձրագույն կրթության համակարգի առաջատարներից է, ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Ֆրանսիական համալսարանը բուհական համակարգում մեր ապագայի լավատեսության աղբյուրներից մեկն է, միաժամանակ մեր իրական  ակնկալիքները այս համալսարանից շատ ավելի  մեծ են: Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, կարծում եմ,  գիտահետազոտական աշխատանքների նոր որակ ի անհրաժեշտություն ունի»: Նախարարը կարեւորել է նաեւ, որ ֆրանսաիական համալսարանն ընդլայնի համագործակցության շրջանակը Ֆրանսիայի բարձարագույն կրթական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային մրցունակությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիական լիցեյի հիմնադրմանը, որի առաջարկը հնչել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների պաշտոնական հանդիպման ժամանակ: ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է Ֆրանսիական լիցեյի հիմնադրման միջպետական պայմանագրի նախնական տարբերակը` համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր որակը, նշելով, որ երկկողմ բարեկամությունը բոլոր ոլորտներում, եւ մասնավորապես կրթության ասպարազեում պատմական ավանդույթներ ունի: