«Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենի վերջին փոփոխությունից հետո մատուցվող ծառայությունների առումով դրական տեղաշարժ է արձանագրվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին Երեւանի քաղաքապետարանում հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` «Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլիի եւ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանիի հետ հանդիպման ժամանակ:
Շնորհավորելով մայրաքաղաքում ընկերության հնգամյա գործունեության կապակցությամբ, քաղաքապետը նշել է, որ այս ընթացքում եղել են թե ձեռքբերումներ եւ թե բացթողումներ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսելով «Վեոլիա» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների պայմանագրային պարտավորությունների կատարման մասին, Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի արդյունքում կբարելավվի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների որակը, օպերատիվ լուծում կստանան առկա խնդիրները, որոնցից գլխավորը մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն է:
«Հույս ունենք, որ մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ձեր խոստումը կապահովեք հնարավորին կարճ ժամկետում: Սա թե մեր, եւ թե մեր համաքաղաքացիների հիմնական ակնկալիքն է ձեզանից: Եվ դա պետք է լինի առարկայական, այլ ոչ թե փաստաթղթային տեսքով: Համոզված եմ դուք էլ կհամաձայնեք, որ ձեր աշխատանքի իրական գնահատականը տվողը պետք է լինեն երեւանցիները, ովքեր իրականում պետք է զգան դրական փոփոխությունները: Կարծում եմ նախ եւ առաջ պետք է հասնել նրան, որ ջրամատակարարման 15-16 ժամյա ձմեռային գրաֆիկը պահպանվի նաեւ ամռանը, ինչն էլ կհանդիսանա ձեր հանդեպ վստահության վերականգնման լավագույն գրավականը» - նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են այս հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ընկերությանը:
«Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլը պարտավորվել է հաշվի առնել ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` դրանք շտկելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը մի շարք առանցքային խնդիրներ արդեն լուծված կլինեն եւ քննարկում կծավալվի նոր ծրագրերի շուրջ:



























