«Conservation International» միջազգային կազմակերպությունը Կովկասյան տարածաշրջանը բնորոշել է որպես աշխարհում վտանգված կենսաբազմազանությամբ 34 ամենաթեժ կետերից մեկը: Դա նշանակում է, որ մեծաքանակ բույսերի ու կենդանիների տեսակների գոյատեւման ապահովման համար Կովկասը համաշխարհային նշանակություն ունի:  Համախմբված ուժերով մենք կարող ենք պահպանել այդ հարստությունը` հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով:

Կովկասի կենսաբազմազանության ավանդական օգտագործման ձեւերը նույնպես ակնառու են: Ուստի այս գիտելիքների օգտագործումն ու կենսաբազմազանության արտադրանքի տնտեսական կարեւորության բարձրացումը, այն կատարելագործելով եւ շուկայի համար ավելի գրավիչ դարձնելով, ինքնին մարտահրավեր է: Նոր արժեքների ստեղծումը կարող է էականորեն աջակցել գյուղերում աղքատության նվազեցմանը:

Կենսաբազմազանության օգտագործման շնորհիվ եկամուտների ավելացումը եւ ընթացիկ օգտագործման կայունության ապահովումը երկկողմանի շահ կբերեն կենսաբազմազանությունը պաշտպանելու գործընթացին` նվազեցնելով կենսաբազմազանության հանդեպ բացասական ազդեցությունները եւ ավելացնելով դրա արժեքը, հետեւաբար բարձրացնելով նաեւ մեր բնական պաշարների պահպանման մոտիվացիան:

Հաշվի առնելով կենսաբազմազանության կարեւորությունը Հարավային Կովկասում` երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունները համաձայնվել են համագործակցել Գերմանիայի կառավարության հետ ԳՄՀԸ կողմից իրականացվող Կենսաբազմազանության Կայուն Կառավարում (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում (2009-2016թթ.):

Հայաստանում ԳՄՀԸ ԿԿԿ ծրագրի պաշտոնական գործընկերներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաեւ ազգային գիտական ինստիտուտները, գյուղական համայնքները, պետական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունները եւ մասնավոր ձեռնարկություններն ու ձեռնարկատերերը: