Երեւանում, այսօր` դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել «Երեւան Ջուր» ընկերության 5-ամյա գործունեության արդյունքների ամփոփումը, որի ընթացքում ցուցադրվել է նաեւ «Ջուրը կյանքի աղբյուր է» ֆիլմը:

«Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսությանը ներկա են եղել Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ ՏԿՆ Ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, հյուրեր Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակից, «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» ԾԻԳ-ից, այլ կազմակերպություններից:

«Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է ընկերության անցած ուղին ու ձեռքբերումները: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ի դրությամբ Երեւանում ջրամատակարարման նվազագույն տեւողությունը 12 ժամ է, իսկ սպառողների ավելի քան 81 տոկոսը ապահոված է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

«Վեոլիա Ջուր» ընկերության Տարածաշրջանի, ԱՊՀ երկրների եւ Թուրքիայի շրջանակներում իրականացվող ծրագրերի տնօրեն, «Երեւան Ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ` Ռեմի Պոլը բարձր է գնահատել «Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեությունը, իսկ իրականացվող ծրագիրը` համարեց հաջողված:

Այնուհետեւ ցուցադրվել է ֆիլմը, որին հետեւել է կարծիքների փոխանակում Ա.Անդրեասյանի եւ Կ.Արեյանի մասնակցությամբ: Վերջիններս նշելով հաջողությունները, միաժամանակ խոսել են ապագա ծրագրերի, առկա խնդիրների եւ սպառողների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտության մասին: