Լոռիի մարզկենտրոն Վանաձորին սնուցող 2 մայր ջրագծերը` Նովոսելցովոն ու Լեռնապատը վնասված են, բնակիչների մի մասը զրկված են ջրից: Մասնավորապես Տարոն-2 եւ Տարոն-4 միկրոշրջանների բազմաբնակարաններն արդեն մի քանի օր խմելու ջուր չունեն:

«Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերության լրատվության բաժնի պատասխանատու Ալլա Նահապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղաքում կան ջրագծերի վթարներ, ու այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում:

Նշված վթարների մասին մեզ պարզաբանումներ տվեց «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերության տեխնիկական տնօրեն Գագիկ Ալոյանը: Նա նշեց, որ Վանաձորին մատակարարող 2 գլխավոր` Նովոսելցովո եւ Լեռնապատ ջրագծերի վրա միաժամանակ վթարներ են տեղի ունեցել: Նովոսելցովո ջրատարը վնասվել է մոտակայքում հողային աշխատանքներ կատարող կազմակերպություններից մեկի անզգուշության պատճառով:

Գագիկ Ալոյանի խոսքով, վթարն արդեն վերացված է, բայց փոխարենը աշխատանքներ են կատարվում երկրորդ գլխավոր ջրատարի` Լեռնապատի վրա:

Այս ջրատարը վնասվել է մաշվածության պատճառով, քայքայվել է խողովակի մոտ 300 մետր երկարությամբ հատվածը, եւ այժմ աշխատանքներ են տարվում միաժամանակ 2 ուղղությամբ` վթարի վերականգնման եւ նոր խրամուղու փորման, որի միջով անցնելու է 300 մետրանոց փոփոխված խողովակի հատվածը:

Տարոն-2 եւ Տարոն-4 միկրոշրջանների 4 ջրավազանները, Գագիկ Ալոյանի փոխանցմամբ, արդեն լցվել են ջրով, փոխարինում են ջրագծերին ու մատակարարում բնակիչներին, բացի այդ, մինչ վթարների վերացումը, ջրատար մեքենաները թաղամասերում բնակիչներին խմելու ջուր կբաժանեն, վստահեցրեց տեխնիկական տնօրենը: