Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 2-ին, մեկնել է Վայոց ձոր` այցն սկսելով Շատին համայնքից, որտեղ ծանոթացել է փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքներին: NEWS.am-ին ՏԿՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ճանապարհը սողանքի հետեւանքով փլուզվել էր ամռան սկզբին, այն վերականգվել է պետբյուջեից հատկացված 118 մլն դրամով: Փոխվարչապետին զեկուցվել է, որ գրունտային ճանապարհն ապահովում է բնականոն երթեւեկությունը, եւ հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ասֆալտապատում իրականացնել: Փոխվարչապետին զեկուցվել է  մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին: Մասնավորապես, ծրագրի առաջին մասով հատկացված 260 մլն դրամի շրջանակում նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Միջոցները հիմնականում ուղղվել են մարզի քաղաքային համայնքների բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: Ծրագրի երկրորդ մասով  արդեն ավարտվել են Եղեգնաձոր քաղաքի Գեւորգյան փողոցի վերանորոգման  աշխատանքները, ընթացքի մեջ են Եղեգնաձորի Շահումյան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգման եւ ամրացման աշխատանքները, որի համար 45 մլն դրամ հատկացվել էր առաջին, 33 մլն դրամ` երկրորդ ծրագրով: Ծրագրի երկրորդ մասով մի շարք համայնքներում կհիմնանորոգվի խմելու ջրի ցանցը, Ռինդ համայնքում կկառուցվի կոյուղագիծ,  կնորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքներ:  Խորհրդակցությանը ներկայացվել են նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները, մարզում գյուղատնտեսական իրավիճակը եւ այլն: