Ախալքալաքի հայկական դպրոցների առաջին դասարանցիները միաժամանակ երեք լեզու են սովորում ` վրացերեն, հայերեն եւ անգլերեն, ինչը բավականին ծանրաբեռնում է երեխաներին: Վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականն անդրադարձել է խնդրին, թե նման ծանրաբեռնվածության պայմաններում, երեխաները որ լեզուն կկարողանան ավելի շուտ ընկալել եւ փորձել է պարզել, թե ինչ են մտածում այս խնդիրների շուրջ երեխաների ծնողները եւ անգլերենի մասնագետները:
Փոքրիկ Նորայրը դեռ երկու ամիս է ինչ դպրոց է հաճախում, բայց արդեն բողոքում է, որ ընկերների հետ խաղալու համար ժամանակ չունի, չնայած ուրախ է, որ արդեն կարողանում է որոշ բառեր արտասանել թե վրացերեն, թե անգլերեն:
«Առավոտյան գնում եմ դպրոց, հետո տուն եմ վերադառնում, հաց եմ ուտում հետո գնում եմ անգլերենի դասընթացի եւ մինչեւ տուն եմ վերադառնում արդեն մթնում է»,-ասում է փոքրիկ Նորայրը: Նրա մոր Հերո Հովհաննիսյանի խոսքով, առաջին դասարանցու համար բավականին բարդ է միաժամանակ երեք լեզու սովորելը:
«Երեխան սովորում է իր ամենօրյա դասերը, սակայն միաժամանակ երեք լեզու սովորելը դժվար է: Գոնե անգլերենը երկրորդ դասարանից սկսեին սովորել: Իմ երեխան չի հասցնում, այդ պատճառով էլ ստիպված եմ նրան մասնավոր անգլերենի պարապմունքների տալ: Մինչեւ մի լեզուն սովորում է, մյուսն է մոռանում, կամ բոլոր լեզուները խառնում է»,-ասում է նա:
Առաջին դասարանի աշակերտուհի Լուսինեի հայրը նույն կարծիքին է: Արմեն Փարմանյանի խոսքով, համակարգչային ծրագրերում պետք է ներգրավի նաեւ հայերեն լեզուն, քանի որ երեխաները լավ չեն ընկալում իրենց մայրենի գրական լեզուն:
«Հայերենը բարդ է: Իսկ համակարգչային ծրագրերի միջոցով անգլերենը եւ վրացերենը երեխաներին նոր մեթոդով են սովորեցնում, ինչը նրանց համար զվարճալի է: Արդյունքում երեխան հայերեն լեզվից հետ է մնում: Սեպտեմբերին եւ հոկտեմբերին մեր ընտանիքի անդամները խառնվել էին իրար, քանի որ երեխան չէր ուզում հայերեն սովորել, նա տարված էր համակարգչով, իսկ մենք նրան ստիպում էին հայերենը սովորել»,-նշում է նա:
Ինչ վերաբերում է լեզվի մասնագետներին, ապա նրանք դրական են համարում առաջին դասարանցիների ծրագրում անգլերեն լեզվի ուսուցման հանգամանքը: Նրանց խոսքով անգլերենի դասընթացները շատ հետաքրքրիր են անցնում: Երեխաները օգտագործում են սկավառակներ, որտեղ գունավոր նկարներ են եւ անիմացիաներ: Երեխաները դասի ժամանակ ակտիվ են, լեզուն հեշտ են ընկալում, դասերը դինամիկ են ընթանում:
Անգլերենի ուսուցչուհի Մելանյա Այվազյանի խոսքով, առաջին դասարանից անգլերենի ուսուցումը ընդունելի չէ, քանի որ երեխան դեռ իր մայրենի լեզուն պետք է սովորի, որպեսզի հետագայում օտար լեզվի ուսուցման համար մայրենին օգնի: «Օրինակ, եթե գրատախտակին անգլերեն գրում եմ աղջիկ բառը, ապա կողքին հայերեն տառերով պետք է գրեմ նրա նշանակությունը հայերեն տառերով, իսկ առաջին դասարանցիները հայերեն էլ չգիտեն»,-ասում է նա:




























