Աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշվում է որպես կամավորների միջազգային օր: Այդ առթիվ կազմակերպվում են միջոցառումներ` ի պատիվ տարբեր ոլորտների կամավորների: NEWS.am-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնեցին, որ կամավորների միջազգային օրը կնշվի նաեւ Վանաձորում: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում ժամը 15:30 Հայկական Կարմիր Խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը (ՀԿԽԸ Լոռու ՄՄ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կազմակերպվելու է Կամավորների միջազգային օրվան նվիրված համերգ, որը նաեւ «Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային շարժման լուսաբանում ուսանողության շրջանում» ծրագրի ամփոփիչ միջոցառումն է լինելու: Միջոցառման ընթացքում կցուցադրվի Կարմիր Խաչի միջազգային շարժման պատմությունը եւ Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը ներկայացնող ֆիլմեր, այնուհետեւ տեղի կունենա մեծ համերգ` տեղի եւ մայրաքաղաքից հրավիրված արվեստագետների մասնակցությամբ:
Միջոցառման ավարտին երաժիշտներին եւ կամավորներին կհանձնվեն շնորհակալագրեր եւ նվերներ:
Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից Կամավորների միջազգային օրը հռչակվել է1985 թ-ին:




























