Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են SandAI կոչվող արհեստական բանականության հիմքով աշխատող գործիք, որը կարող է բացահայտել հարյուրավոր միլիոնավոր տարիներ առաջվա քվարցային ավազահատիկների պատմությունը:
SandAI-ն գիտնականներին հնարավորություն է տալիս հստակեցնել, թե ինչն է դարձել ավազահատիկների ձևավորման պատճառ՝ քամին, գետերը, ալիքնե՞րը, թե՞ սառցադաշտերի տեղաշարժը: Գործիքը գիտնականներին բացառիկ հնարավորություն է տալիս հայացք գցել դեպի անցյալ՝ երկրաբանական և հնագիտական հետազոտությունների համար, հատկապես այն դարաշրջաններ և միջավայրեր, որտեղ ժամանակի ընթացքում քիչ այլ հուշումներ են պահպանվել, օրինակ՝ քարացուկները:
SandAI-ի մոտեցումը, որը կոչվում է միկրոնյութակազմվածքային վերլուծություն, կարող է միաժամանակ օգնել ժամանակակից դատաբժշկական հետաքննությանը ավազի ապօրինի արդյունահանման և հարակից խնդիրների բացահայտման գործում:
«Աշխատելով նստվածքաշերտերի հետ, որոնք չեն խախտվել կամ ձևախախտվել, դուք հնարավորինս մոտնում եք ժամանակի մեքենայի մեջ հայտնվելուն. տեսնում եք հենց այն, ինչ եղել է Երկրի մակերեսին, նույնիսկ հարյուր միլիոնավոր տարիներ առաջ: SandAI-ն ավելի շատ մանրամասներ է ավելացնում այն տեղեկությանը, որը կարող ենք դրանցից քաղել», - ասում է գիտությունների թեկնածու Մայքլ Հասոնը, որն աշխատում է Սթենֆորդի Doerr Կայուն զարգացման ն դպրոցի երկրագնդի և մոլորակային գիտությունների դոցենտ Մաթյո Լափոտրի հետ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:
Պատմականորեն միկրոնյութակազմվածքային վերլուծությունը կատարվել է ձեռքով և աչքաչափով՝ օգտագործելով խոշորացույցներ և մանրադիտակներ՝ փորձելով եզրակացություններ անել ավազահատիկների պատմության մասին: Ժամանակակից գիտությունը հաստատել է այս մոտեցումը՝ ցույց տալով, որ փոխանցման մեխանիզմներն իսկապես բնորոշ նշաններ են հուշում, սակայն նոր գործիքը գիտնականներին ավելի լայն հնարավորություններ է ընձեռում:
«Փոխանակ մարդը ստիպված լինի պարզել, թե որ ավազահատիկն ունի տարբեր նյութակազմվածք, մենք օգտագործում ենք մեքենայական ուսուցում՝ միկրոնյութակազմվածքային վերլուծությունն ավելի օբյեկտիվ և խիստ դարձնելու համար: Մեր գործիքը դուռ է բացում նախկինում անհասանելի միկրոնյութակազմվածքային վերլուծության հավելվածների համար»,- նշում են հետազոտության հեղինակները:





























