Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) դեկտեմբերի 6-ին, կազմակերպում է «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը: Այն 2011-ի համար կրում է «Պատասխանատու տնտեսական գործունեություն. Կայուն զարգացում» խորագիրը:

Համաժողովի հիմնական նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նորարարական լուծումներ, որոնք հող կնախապատրաստեն վերոնշյալ «անվնաս» տնտեսական զարգացման համար:

«ԳՄՀԸ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը կառուցել ավելի կայուն տնտեսություն` իրականացվող իրավական, բնապահպանական, տարածքային ինքնակառավարման եւ մասնավոր սեկտորի զարգացման ծրագրերով: Մենք հավատում ենք, որ կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են եւ կայուն ապագայի համար»,- ասել է ԳՄԸՀ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը:

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից, Ազգային Ժողովից, Գերմանիայից, ինչպես նաեւ մասնավոր կազմակերպություններից: Համաժողովի պաշտոնական բացումից հետո մասնակիցները կկազմեն չորս աշխատանքային խմբեր, որոնց ընթացքում հնարավորություն կունենան արտահայտել իրենց գաղափարները համապատասխան թեմայի շուրջ, ինչպես նաեւ քննարկել նախադեպեր եւ հաջողված օրինակներ:

Աշխատանքային խմբերը կքննարկեն հետեւյալ թեմաները.

-Կանաչ գործարարություն եւ կանաչ աշխատանք

- Կանաչ համայնքներ

- Կայուն/օրգանական գյուղատնտեսություն/տնտեսություն

- Ձեռնարկատիրություն եւ կենսաբազմազանություն:

Համաժողովին զուգահեռ կկազմակերպվում է ցուցահանդես, որի ընթացքում ներկայացված կլինեն Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի սաների ստեղծագործությունները «Կանաչ տնտեսության» թեմայով: